Լեհ ժողովուրդը այս հային համարում է իրենց ազգի Լուսավորիչը․ ճանաչենք Գժեգոժ Պիրամովիչին

Գժեգոժ Պիրամովիչը կամ նույն ինքը Գրիգոր Փիրումյանը հայազգի լեհ մանկավարժ, լուսավորիչ, գրող, քարոզիչ, թարգմանիչ է։ Լեհ ժողովուրդը նրան համարում է իրենց ազգի Լուսավորիչը։

Փիրումյանը ծնվել է վաճառականի ընտանիքում։ Սովորել է փիլիսոփայություն, ավարտել է Լվովի աստվածաբանական ակադեմիան, ու հենց նույն ակադեմիայում էլ դասավանդել է բարոյական աստվածաբանություն և տրամաբանություն։

1763 թվականին Գրիգորը ձեռնադրվել է քահանա։ Իսկ 1764 թվականի աշնանից եղել է Կրեմենցի ճիզվիտական կոլեգիումի բարոյական աստվածաբանության պրոֆեսոր, քարոզիչ։

1773 թվականի օգոստոսին նրան ներկայացնում են թագավորին՝ պալատում կազմակերպված «գիտական ճաշի» ժամանակ, և այդուհետ նա սկսում է հաճախակի մասնակցել գրական հինգշաբթիներին։

Եղել է երկրի դպրոցների տեսուչ, «Ազգային կրթության հանձնաժողովի» և «Տարրական դասագրքերի ընկերության» քարտուղար, «Գիտությանց բարեկամների ընկերության» անդամ։

Նրա խմբագրությամբ լույս են տեսել ծխական դպրոցների այբբենարաններ, ճարտասանության դասագրքեր, մանուկների ու պատանիների համար բանաստեղծությունների ժողովածուներ։

Պիրամովիչը պնդում էր, որ ուսուցիչը միաժամանակ պետք է լինի հասարակական եռանդուն գործիչ, գյուղացիների շահերը ներկայացնող անձ։ Նա ծխական դպրոցներում մտցնել է տվել բարոյագիտության դասեր, որոնք պիտի ծառայեին սովորողներին հայրենասիրության, քաղաքացիական ակտիվության ոգով դաստիարակելու նպատակին։

Լեհաստանի մի շարք քաղաքներում ու գյուղերում դպրոցներից շատերը կրում են հենց մեր հայրենակցի անունը։