Լսե՞լ եք Մահկանաբերդի մասին. ինչու՞ թշնամին չէր կարողանում պարսպակործան մեքենաներ կիրառել այս ամրոցի տարածքում

Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորոփոր (Կայան) գավառում, Աղստև գետի միջին հոսանքի ավագանում, Ոսկեպարի վտակ աջակողմյան օժանդակ Կիրանցի (Քարհան) ձորի Սամսոն գետակի աջ ափին, Դեղձուտի վանքի դիմաց, հարավ-արևելյան կողմում, Աճարկուտ գյուղից 10 կմ հարավ-արևմուտք գտնվում է Մահկանաբերդը:

«Մահկանաբերդ» անվանումը բանասիրության մեջ ստուգաբանվում է երկու իմաստով՝ «մահկան+ացու» և «բերդ» ու «մական+ա» և «բերդ»:

Անհայտ է Մահկանաբերդի կառուցման ստույգ ժամանաը, նաև ում կողմից կառուցված լինելը։ 12-13-րդ դարերում այն պատկանել է վրաց թագավորությունում բարձր դիրքի և շնորհների արժանացած Արծրունիներին, որոնք իրենց գավառի և բերդի անունով կոչվում էին Մահկանաբերդի Արծրունիներ։ Նրանց տիրապետության տակ տարբեր ժամանակներում եղել են նաև Աղստև գետի միջին հոսքը զբաղեցնող Կայան գավառը, Հաղպատն ու Սանահինը։ Իսկ Մահկանաբերդը գտնվում է այդ տարածաշրջանի կենտրոնում, Քարհանի ձորում, նրա աջայողմյան Սամսոնի վտակի ստեղծած ակնահաճո գոգահովտի գրեթե կենտրոնում, Մթնասարի լեռնաշղթայի արևմտյան հիմքից սկզբնավորվող խիտ անտառապատ, երկու կողմերից խիստ զառիթափ լանջերով ժայռապարի ծայրին, ճիշտ անդունդի եզրին։ Մահկանաբերդը հանդիսացել է նաև դիտակետ, այստեղից տեսանելի է Մթնասարի լեռնաշղթայի լեռնալանջերով և Սամսոնի ձորով ձեռնարկված յուրաքանչյուր շարժում։

Տեղանքի զառիթափության շնորհիվ այստեղ ի սպառ բացառված է եղել հակառակորդի կողմից պարսպակործան մեքենաների կիրառումը։ Բլորովին դյուրին չեն եղել նաև հակառակորդի զորքերի քարագնաց և անձավամուտ ստորաբաժանումների բերդին գեթ հասնելու փորձերը։ Մահկանաբերդի գրավել ձգվող հակառակորդի հիմնական կռվանը մնաել է տևական պաշարումը։