Լսե՞լ եք Ծոբոփորի ամրոցի մասին. միայն իմանաք՝ որ վանքին է այն նվիրաբերվել

Ծոբոփորի ամրոցը հայկական պատմական հուշարձան է, որը գտնվում է Վրաստանում, ներկայիս Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում։

Միջնադարյան ամրոցի ավերակները գտնվում են Ծոբ գյուղից հյուսիս՝ բարձր ժայռաբլրի գագաթին։ Ամրոցը Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառի կենտրոնն էր։ Այն երեք կողմից շրջափակված է եղել խոշոր, անմշակ քարերով ու կրաշաղախով կառուցված և բուրգերով ուժեղացված պարսպով, իսկ չորրորդ՝ հարավարևելյան կողմից, պաշտպանվել է բնական պատնեշով, մեծ բարձրության ուղղաձիգ ժայռերով ու անդնդախոր ձորով։

7-րդ դարում ամրոցն անցել է Սմբատ իշխանի որդի Ուքանին։ 1211 թվականին այն նվիրաբերվել է Հաղպատի վանքին։

Ծոբոփորի ամրոցում են 5-րդ դարի միանավ եկեղեցու (գրականության մեջ հայտնի է Ծոփքի բազիլիկ անունով) ավերակները։ Կառուցվել է մաքուր տաշած բազալտից։ Հարավային մուտքն ունի շեշտված պայտաձև լյունետ։ Ճակատների վրա կան քանդակազարդ քարե կալունակներ։ Ներսում պահպանվել է որմնամույթի խոյակներից մեկը՝ կենդանակերպ քանդակներով (վազող եղնիկներ, ետևի թաթերին նստած առյուծ)։

Աբակի բուսական զարդաքանդակը ոճով մոտ է Քասաղի, Տեկորի տաճարների համանման քանդակներին։ Ծոբոփորի եկեղեցու բարձրաքանդակները աչքի են ընկնում պլաստիկայով, դինամիզմով և կատարման ռեալիզմով: