«Իմ ցավը ֆիզիկական չէր, հոգեբանական էր, էդ ուղղակի հողի կտոր չէր իմ համար». պատերազմը հաղթահարած ՀԵՐՈՍ ՊԵՏՐՈՍԸ պատմում է տեսած դժվարությունների մասին

Արցախյան 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը Պետրոս Էֆենջյանը առանց վարանելու կամավորագրվել է և հորաքրոջ տղայի հետ մեկնել ռազմի դաշտ:

Տղաները սկզբում գնում են Ճամբարակ։ Մի քանի օր այնտեղ անցկացնելուց հետո խնդիր են ստացել տեղակայել Քարվաճառի հրետանային դիրքերից մեկը, մարտկոց են ձևավորել ու հոկտեմբերի 2-ի առավոտյան հասել այնտեղ։ 

Հոկտեմբերի 2-ին տղաները փորձել են մեկ հաշվարկ տեղակայել Քարվաճառում, բայց թշնամու ակտիվ հարվածների պատճառով սպասել են, հետո՝ իրականացրել տեղակայումը։ Դրանից հետո խնդիր են ստացել աջակցել ժամկետային զինծառայողներին, չնայած, իր խոսքով, տղաները ոչ թե կատարում, այլ գերակատարում էին իրենց առջև դրված խնդիրները։ 

Պետրոսը վիրավորվել է թշնամու ռազմական ինքնաթիռի հարվածից։ Ասում է՝ ամենածանրը հոսպիտալ տանող երկար ու չընդհատվող ճանապարհն էր, որի ընթացքում մտքում կռիվ էին տալիս կյանքի ու մահվան մասին մտքերը` չգիտեր՝ կապրեր, թե չէ.

«Ողս ա կոտրված եղել, ոտքերիս մեջ ասկոլկաներ ու բաց վերքեր են եղել, կողերիս ոսկորները, թոքերս են վնասված եղել, ականջս ծակ ա եղել, աչքիս ու դեմքիս հետ կապված են խնդիրներ եղել, ու ամենաբարդը՝ ողնուղեղային վնասում ա եղել։ Բայց, գիտեք՝ իմ ցավը ֆիզիկական չէր, հոգեբանական էր։ Ես ծառայության տարիներին ապրել էի Քարվաճառով, ոչ թե ուղղակի ծառայել, էդ ուղղակի հող չէր, հողի կտոր չէր։ Ու եթե դու ինչ-որ բան սիրում ես, սրտիդ մոտ ընդունում, դու ես էդ հողի իրական կորցնողը, դու գիտես դրա արժեքը»,- պատմում է հերոս Պետրոսը:

Իսկ իր սայլակի հետ Պետրոսը հաշտ է ապրում։ Ասում է՝ փոքր քայլերով առաջ է եկել ու այսօր հասել է այնտեղ, որ անվասայլակի վրա իր ռեսուրսները մաքսիմալ օգտագործում է, իսկ կենցաղում գրեթե ամեն ինչ մենակ է անում։ Նա նաև նվագում է դաշնամուր և նկարում է: Իսկ ապագա պլանների մեջ կա սեփական ցուցահանդես ունենալը: