Ո՞վ դարձավ Վարդան Մամիկոնյանի արձանի ձիու բնորդը. մի զավեշտալի պատմություն ՔՈՉԱՐԻ կյանքից

Պողոց Միքաելյանը իր հուշագրերում մի հետաքրքիր ու զավեշտալի դեպք է պատմում իր և մեծանուն Երվանդ Քոչարի հանդիպման մասին: Միքաելյանը հիշում է.

«1946 թ. ամուսնացա։ Սակայն, դժբախտաբար, կինս հիվանդացավ և տասնմեկ տարի տառապելուց հետո մահացավ…

Վիշտս փարատելու համար որոշեցի իմ ձեռքով պատրաստել նրա հուշարձանը։ Բայց ինչպե՞ս…

Որոշեցին գնալ լավագույնի՝ Երվանդ Քոչարի տուն։ Վարպետը զարմանքով հարցրեց. «Այ տղա, գիտե՞ս, թե ինչպես են քանդակ անում»։ Պատասխանեցի, թե չգիտեմ և դրա համար եմ եկել։ Նա քահ-քահ ծիծաղեց։ «Այ, տղա, դու, որ կյանքումդ քար չես տաշել, ինչպե՞ս պիտի քանդակ անես։ Դու հո Միքելանջելոն չե՞ս…»։

Ես այդ անունը չէի էլ լսել և դրանից ավելի շփոթվեցի ու ընկճվեցի։ Սակայն, ներքին մի համառություն, թե համոզմունք թույլ չէր տալիս, որ հուսահատվեմ։

Երբ կիսնադրու նախօրինակն արդեն պատրաստել էի, Գրիգորը նրան հրավիրեց մեր տուն` տեսնելու։ Քոչարը մոտեցավ քանդակին, վերցրեց կողքին դրված լուսնակարը, սկսեց դանդաղ պտտվել կիսանդրու շուրջը. ուշի ուշով զննելուց հետո հարցրեց. «Այս, ո՞ր քանդակագործն է արել»։ «Պողոս արձանագործը»,- ասաց Գրիգորը։

Դիմեցի. «Խնդրում եմ, ասեք թերությունները, որ շտկեմ»։ Պատասխանելու փոխարեն դուրս եկավ տնից։ Վերադարձավ մի քանի րոպե անց` բերելով մեկ շիշ կոնյակ և շոկոլադ։

Հետագայում նա այն աստիճան էր վստահում ինձ, որ հրավիրեց արվեստանոց, տվեց Գուրգեն Սևակի գիպսե կիսանդրին, որ փոխադրեմ բազալտի վրա( Ժողովրդական ստեղծագործության թանգարանում դնելու համար։ Ես կատարեցի պատվերը` տեսավ շատ հավանեց։

Իսկ, երբ Քոչարը կերտում էր Վարդան Մամիկոնյանի հուշարձանը, ես գրեթե երկու ամիս ամեն օր ձիով գնում էի նրա մոտ և, ինչպես ինքն էր ասում, օգնում էի։ Օգնելս այս էր. ձին Վարդան Մամիկոնյանի ձիու համար բնորդ էր ծառայում։