«Ճանաչե՛ք աշխարհը փոխած ՀԱՅԵՐԻՆ». ո՞վ է «Ավրորա»-ի ՀԱՅ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐԸ

Գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիր, գաղափարի նախաձեռնող և առաջին նախագահ, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, PHILIN-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, Phoenix Advisors-ի հիմնադիր և գործընկեր, «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին ղեկավար ու վերահսկող բաժնետեր. և այս ամենը ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻ մասին՝ Ռուբեն Վարդանյան:

  • Կարևոր փաստեր Վարդանյանի մասին, որ պետք է իմանալ

Ռուբեն Վարդանյանը 16-ից 19 տարեկան դեռահասների համար նախատեսված UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիրն է: Հիմնադրումից ի վեր դպրոցում ուսում է ստացել 450 ուսանող՝ ավելի քան 80 երկրից:

2013 թվականին իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ համատեղ հիմնել է Scholae Mundi կրթական նախաձեռնությունների հիմնադրամը, որը ոչ կոմերցիոն հիմունքներով աջակցում է UWC Դիլիջան դպրոցի և այլ կրթական հաստատությունների սաներին՝ կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման միջոցով:

Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի և այլ երկրների մի շարք կրթական հաստատությունների խորհուրդների անդամ է:

Ռուբեն Վարդանյանը ընդգրկվել է Yidan Prize – 2019  հանձնաժողովի կազմում։ Դա կրթության զարգացման ոլորտում ներդրման համար շնորհվող խոշորագույն մրցանակն է։

  • «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությա մասին

2015 թվականի մարտին Նյու-Յորքում հայտարարվեց 100 LIVES համաշխարհային նախագծի մեկնարկի մասին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին և սկիզբ դրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Հիմնադիրների՝ Ռուբեն Վարդանյանի, ամերիկացի բարերար և վենչուրային ներդրող Նուբար Աֆեյանի ու Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի մտահղացմամբ՝ նախաձեռնության նպատակն է հարյուր տարի անց մարդկության ուշադրությունը հրավիրել այն անձանց գործունեությանն, ովքեր այսօր օգնում են աղետալի վիճակում հայտնված մարդկանց՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր ժամանակին օգնել են փրկվել հայերին։ Այս նախագիծը ստացել է 200 գործընկերների աջակցություն։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում հիմնվեց ամենամյա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը։ Մրցանակն անվանվել է Ավրորա Մարդիգանյանի պատվին, ով մեծ դեր է խաղացել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելու գործում՝ իր վերապրած արհավիրքների մասին պատմելով «Հոշոտված Հայաստան» գրքում, որի մոտիվներով համանուն ֆիլմ է նկարահանվել։

«Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի Երևանում՝ մեծարելով մերօրյա հերոսներին՝ նրանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկում՝ ուրիշներին փրկելու համար: