Այս ՀԱՅԸ հանգամանորեն նկարագրել է ԿԻԼԻԿԻԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ՝ վիճակագրական տվյալներով. գիտե՞ք՝ ով է նա և որտեղ թաքցրեց աշխատության մի մասը, որը բռնագրավվել էր թուրքերի կողմից

Խոսքը հայ հրապարակախոս, բանասեր, դեղագործ Հակոբ Հարությունի Թերզյանի մասին է՝ ծնված 1879 թվականի օգոստոսի 22-ին, Ադանայի նահանգի Մարաշի գավառի Հաճընի գավառակի կենտրոն Հաճըն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև սովորել Ադանայի Ազգային վարժարանում, ավարտել Հիսուսյանների Ադանայի վարժարանը։

1897 թ. մեկնել է Կ. Պոլիս։ 1900 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և դեղագործի վկայական ստացել։ 1908 թ. եղել է Ադրիանապոլիս քաղաքի «Մեր­քե­զի» («Կենտ­րո­նա­կան») դեղատան տնօրենը։ Եղել է ճանաչված հրապարակախոս, զբաղվել է նաև գրական գործունեությամբ, բանասիրությամբ, լուսանկարչությամբ։ Միաժամանակ եղել է նաև ճանաչված փաստաբան։

Կ. Պոլսի հայկական պարբերականներում տպագրված իր հրապարակախոսական և բանասիրական հոդվածները ստորագրել է Յակթեր, Հմայեակ, Յիթօ, Տաւրոս, Թղթակից ծածկանուններով։ 1909 թ. ապրիլին Կիլիկիայում տեղի ունեցած հայկական կոտորածների ժամանակ եղել է Ադանայի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։

Մազապուրծ լինելով կոտորածից՝ վերադարձել է Կ. Պոլիս։ Կ. Պոլսի Կում կափու թաղամասում ունեցել է «Ադա­նա» անունով սեփական դեղատունը։ Եղել է հնչակյան գործիչ։ 1912 թ. Կ. Պոլսում հրատարակել է «Կի­լի­կի­ոյ աղէ­տը. ակա­նա­տե­սի նկա­րագ­րու­թիւն­ներ» 5 հատորով ծավալուն աշխատությունը, որում հանգամանորեն նկարագրել է 1909 թ. Կիլիկիայի կոտորածը՝ վիճակագրական տվյալներով։

Աշխատությունը ներկայացվել է Իզմիրյանց գրական մրցանակին, սակայն օսմանյան կառավարությունն ամբողջ տպաքանակը բռնագրավել է։ Հակոբը կարողացել է այդ գրքի մի քանի հարյուր օրինակ փախցնել և թաքցնել իր տան առաստաղների արանքներում։ Այդ մասին իմացել է նրա եղբայր Տիրան Թերզյանը։ 1915 թ. Հաճընում և Ադանայում հաջորդաբար ունեցել է սեփական դեղատներ ու դեղագործ աշխատել։

1915 թ. ապրիլին Կ. Պոլսում ձերբակալվել է և աքսորվել Այաշ, այնուհետև՝ Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Ձերբակալությունից հետո կառավարության ներկայացուցիչները նրա դեղատունը կողոպտել են և դուռը կնքել։

Դժբախտաբար, 1915 թ. ապրիլի 24-ին, գաղթի ճանապարհին, Չանղըրըից դուրս, Անկարայի մոտակայքում սրախողխող է արվել ընկերոջ՝ բժիշկ Միսքճյանի հետ միասին՝ մոտ 35 տարեկանում։