«Տղերք տեսա՞ք կպա՜վ, կպաա՜վ»․ հերոս կապիտանը իր զորքի ուժն էր ու հենարանը, շուտով պիտի մայորի կոչում ստանար, բայց չհասցրեց

Հերոսների մասին խոսելու ենք դեռ երկար։ Նրանք հավերժ են, անմահ, իսկական լեգենդներ և միշտ կմնան մեր սրտերում։ Նորօրյա հերոսներից էր Անդրանիկ Գրիգորյանը։ Նա ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 7-ին, Գավառում։ Հոգատար էր, հավասարակշռված և անսահման լուրջ։ Շատ խելացի տղա էր։ Հնեց դրա համար էլ նախագահի կողմից պարգևատրվել էր «Ոսկի մեդալ»-ով։ Շատ էր սիրում երեխաներին, խաղում էր նրանց հետ, ուրախացնում։ Սիրահարված էր, նոր էր ամուսնացել։

Դպրոցն ավարտելուց հետո գերազանցությամբ ընդունվել էր Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարան։ Նվիրված էր իր մասնագիտությանն ու գործին։ Երիտասարդ էր, բայց արդեն կապիտան։ Նպատակն էր հասնել Գեներալի կոչման։ Շուտով ստանալու էր մայոռի կոչում և տեղափոխվելու էր Հայաստան, բայց ցավոք չհասցրեց։

Պատերազմը սկսվեց ու փոխեց նրա բոլոր ծրագրերը։ Անդրանիկը մարտնչել է քաջի պես, խոցել մեծ թվով զինտեխնիկա։ Հոկտեմբերի 2-ին մեր հերոսի վերջին կռիվն էր, նա ոգևորում էր զորքին, իսկ ընկերները պատմում են, որ վերջին պահին, երբ արդեն վիրավոր էր, ասել է․ «Տղերք տեսեք ոնց եմ խբելու, մի բազա հօդս ցնդի… տղերք տեսա՞ք կպա՜վ, կպաա՜վ… տղերք դուխով, շարունակում ենք»։ Այս խոսքերից րոպեներ անց հերոսն անմահացել է։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատականերին։