«Նա երկրի վրա ապրող հրեշտակ էր»․ Արսենը կռվում էր Մատաղիսում, հենց այնտեղ էլ զոհվեց՝ պատերազմի 5-րդ օրը

Հավերժ հերոս Արսեն Կարապետյանը ծնվել է 1998թ. փետրվարի 5-ին, Երևանում: Հերոսին ճանաչողները կարող են փաստել, որ Արսենը միշտ ժպտերես էր, կարողանում էր իր ժպտով բարձրացնել բոլորի տրամադրությունը։ Լավատեսությամբ էր լցված մարդկանց, կյանքի և ապագայի հանդեպ։

Նա խորը մտածողություն ուներ։ Միշտ չէ, որ կարելի էր հասկանալ նրա մտքերը։ Շատ հաճախ էր ասում, որ կյանքը կարճ է, սիրեք իրար։ Առհասարակ նրա արտահայտած շատ մտքեր կարծես ապագային էին միտված։ Ինքը, փաստորեն գիտեր թե ինչ պիտի լիներ։

Ծանոթ լինելով բանակին և զինվորական գործին 2020թ. սեպտեմբերի 27-ին, պատերազմի լուրն առնելուն պես Արսենը կամավորագրվեց հայրենիքի պաշտպան սուրբ գործին։ Որոշեց կանգնել զինակից ընկերների կողքին։ Հավատալով հաղթանակին Արսենը հերոսաբար կռվեց և զոհվեց պատերազմի հինգերորդ օրը։

Նա մարտնչում էր Մատաղիսում, այնտեղ էլ անմահացավ։ Ընտանիքի անդամները փաստում են, որ Արսենը երկրի վրա ապրող հրեշտակ էր։ Նրա ապրած կարճ կյանքի ամեն մի օրը լի էր սիրով ու բարությամբ։ Հիմա արդեն Արսենը լույս է տիեզերքում։ Հավերժ ճառագող լույս, ում վառվող շողերն անգամ հեռվից ապրելու հույս և ուժ են տալիս բոլորիս։ Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին։