«Ապրես, Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա»․ նրանք Մարտակերտի փրկիչներն էին և կապիտան Ուրֆանյանի արծիվները

Մեր հերոսի կյանքը լեցուն էր նոր մտքերով ու երազանքներով։ Նրա ճակատագիրն այլ կերպ կդասավորվեր, եթե չլիներ այդ չարաբաստիկ պատերազմը։

Վեդի քաղաքում բոլորը գիտեն ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի ընտանիքին. համեստ, կիրթ մի ընտանիք, որտեղ ապրել է մերօրյա հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի արծիվներից մեկը:

«Բոլորը համառ կռիվ են տվել, Ուրֆանյանի շնորհիվ շատ ճիշտ են կազմակերպել դիրքի պաշտպանությունն ու ամբողջ դաշտը վերցրել են խաչաձև կրակի տակ: Շատ դեպքերում չի ստացվում նման ձևով մարտ վարել ու մինչև վերջ տանել, բայց նրանց հաջողվել է: Երկու գրոհից հետո անգամ վիրավոր չեն ունեցել»։

Պատմում են, որ խրամատի ձախ հատվածում մարտը վարել է կապիտան Ուրֆանյանը, նրա կողքին եղել է Քյարամը, իսկ Անդրանիկն ու Ռոբերտը եղել են աջակողմյան հատվածում, մյուս տղաները՝ միջնամասում: Հակառակորդը հրետանի է կիրառել, ապա՝ ծանր տեխնիկա: Յոթ հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել հակառակորդին:

Ուրֆանյանը խոցել է հակառակորդի տանկն ու զրահամեքենան, կռվել են  թշնամու ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Զինվորների խոսքերով երկրորդ գրոհի ժամանակ ձախ կողմից լսվել է Ուրֆանյանի ձայնը, թե՝  «ապրես, Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա, էդպես պահի»:

Չորսով իրոք որ մեծ գործ են արել, ու պատահական չէ, որ այսօր նրանց չորսին էլ՝ չորս  եղբայրներին համարում են Մարտակերտի փրկիչներ: