Այս ՀԱՅ բարերարը մահացավ անզավակ՝ Սանասարյան դպրոցի 840 սաներին համարելով իր զավակները. միայն իմանաք՝ ինչու էր Պարսից շահը նրան շնորհել «Շիր ի Խուրշիդ» բարձրագույն շքանշանը

Լուսանկարում հայ մեծահարուստ, բարերար Մկրտիչ Սարգսի Սանասարյանն է՝ ծնված 1818 թվականի ապրիլի 10-ին Թիֆլիսում:

Մկրտիչ Սանասարյանի պապը եղել է մեծահարուստ ազնվական Գևորգ Արծրունին, ով 1813 թվականին Վանից տեղափոխվել է Թիֆլիս։ Գևորգը ունեցել է երկու զավակ՝ Մարիամը, ով Մկրտիչ Սանասարյանի մայրն է, ու Երեմիան, ով մեծ հրապարակախոս Գրիգոր Արծրունու հայրն է:

Սովորել է Ներսիսյան դպրոցում, որի հիմնադիրներից է եղել իր պապը: 1835-1845 թվականներին ծառայել է ռուսական բանակում՝մասնակցել ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին` արժանանլով Սբ.Գևորգի շքանշանին։ 1849 թվականից աշխատել է Պետերբուրգի «Կովկաս և Մերկուրիոս» շոգենավային ընկերությունում, 1864 թվականին ընտրվել ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Կովկասի և Պարսկաստանի միջև Վոլգա գետով և Կասպից ծովով կազմակերպել է շոգենավային հաղորդակցություն։

Սանասարյանը տաղանդավոր տնտեսագետ էր, ընկերությանը մատուցած ազնիվ և բանիմաց ծառայության համար վարչական խորհուրդը իր նավերից մեկն անվանեց «Նիկիտա Սանասարով»։ Իսկ Պարսից շահը ռուս-պարսկական առևտրական բարգավաճման համար նրան շնորհեց «Շիր ի Խուրշիդ»՝ Արև և Առյուծ բարձրագույն շքանշանին։

Մեծահարուստ հայի համար ճակատագրական դեր ունեցավ Կարապետ Եզյանի հետ հանդիպումը։ Հանդիպման շնորհիվ է,որ Մկրտիչ Սանասարյանը ուշադրություն սկսեց դարձնել անմիջականորեն իր ազգին վերաբերվող խնդիրների վրա։ Սանասարյանը սկսում է օժանդակել Կովկասի հայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելով, ոմանց էլ կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկելով։

Վանում տեղի «Սանդախտյան ընկերության» հետ հիմնում է բարձրակարգ իգական վարժարան։ Ի պատիվ սրա՝ վարժարանը Սանասարյանի մոր անունով կոչվում է Սանդխտյան Մարիամյան վարժարան։ Հիմնադրած վարժարաններից հատկապես առանձնանում է Կարինի՝ Էրզրումի Սանասարյան վարժարանը, որը հիմնադրվեց նրա միջոցներով և Կարապետ Երզյանի ջանքերով։

Մկրտիչ Սանասարյանը վախճանվել է 1890 թվականին անզավակ իր ողջ հարստությունը կտակելով Հայոց դպրոցներին, իսկ Սանասարյան վարժարանին՝ նաև իր մատենադարանը, ալբոմները, նկարների հավաքածուն, տպագրական պարագաները։ Նա մեռավ անզավակ՝ Սանասարյան դպրոցի 840 սաներին համարելով իր զավակները։ Թաղվել է Թիֆլիսի հայոց Մայր եկեղեցու բակում։