40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին կամ մի տոնի պատմություն․ ո՞րն է տրնդեզի խորհուրդը

Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը (Տրնդեզ) կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին:

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էր սրբագործման 40 օրը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր տաճար, իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես էլ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Իսկ փետրվարի 14-ին՝ բուն Տեառնընդառաջի օրը, բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ: Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:

Տրնդեզի ակունքները տանում են դեպի հեթանոսություն, երբ կրակի պաշտամունք կար, իսկ տոնը նվիրված էր Միհր Աստծուն։

Տոնակատարության գլխավոր մասնակիցները երիտասարդ տղաներն ու աղջիկներն են, նորապսակները կամ նրանք, ովքեր նոր են պատրաստվում ամուսնանալ։ Տոնի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով ցատկում են երիտասարդները։ Համարվում է, որ ցատկելու ժամանակ չի կարելի ձեռքերը բաց թողնել, որպեսզի միությունն ամուր լինի։ Իսկ այդ ժամանակ մեծերը երիտասարդների վրա ցորենի ու կանեփի սերմեր են լցնում։