«Այո՛, մենք կմնանք մեր լեռների պես, նրանք կգնան վայրի հողմերի նման». Մեծ ՀԱՅ ՎԱՐՊԵՏԻ ու ՇԻՐԱԶԻ զրույցը և ինչպե՞ս ՎԱՐՊԵՏԸ օգնեց երիտասարդին

Շիրազը գիշերը չէր քնել: Սպիտակեցրած պատի վրա կարմիր մատիտով ոչ թե գրել, այլ դաջել էր վեցտողանոց անմոռաց «Էքսպրոմտը», որը շուտով պիտի մտներ համաշխարհային գրականության ոսկե ֆոնդ:Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ,Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ,Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,Դուք հողմերի պես կկորչեք վայրագ: 

Առավոտյան պատին դաջածը արագ գրի է առնում, խնամքով դնում ծոցագրպանը և շտապում խմբագրություն: Տեղ չհասած` հանդիպում է գրող Նաիրի Զարյանին, որը մեծ հետաքրքրությամբ լսում է բանաստեղծությունը և Շիրազին առաջարկում հենց այդ էլ կարդալ նույն օրը Ֆիլհարմոնիայի դահլիճում կայանալիք միջոցառմանը:Պատերազմի սկիզբն էր: Մարդիկ արյունահեղ կռվի էին գնում: Այդ էր պատճառը, որ դահլիճում ծափահարություններ չհնչեցին:

Միայն լսելի էին բանաստեղծի անունը վանկարկող ձայները. «Շի՛-րազ», «Շի՛-րազ»:Ժամանակ անց նրան իր մոտ է կանչում Ավետիք Իսահակյանը:Շիրազը տեղավորվում է Վարպետի կողքին, թախտի վրա: Իսահակյանը գրկում է Շիրազի ուսը և փոքր-ինչ հուզված, բանաստեղծի ճակատից խնամքով հետ է տանում անհանգիստ մազափունջը, համբուրում, ապա բանաստեղծական տողերը ոչ թե արտասանում,այլ կարդում է զրույցի պես:

– Այո՛, մենք կմնանք մեր լեռների պես, նրանք կգնան վայրի հողմերի նման:

Գիտե՞ս, տղաս, – շարունակում է Վարպետը,- հայերս ռազմի շատ երգեր ունենք: Բայց դու նոր բան ասացիր, իմացի՛ր, Շիրա՛զ, դու հիմա գտնվում ես ռազմաճակատում` դիրքերի վրա:

Այդպես է:Երգդ անվանել ես էքսպրոմտ, բայց սա պոեմ է իր էությամբ, ունի սկիզբ, վերջ, եզրահանգում: Եվ` ընդամենը վեց տող: Սա ևս նորույթ է: Մի խոսքով, լա՜վ բան ես ստեղծել:

Իսկ երբ Իսահակյանն իմանում է, որ բանաստեղծությունը Շիրազը գրել է գիշերը, պատի վրա, կարմիր, մեծ-մեծ տառերով, հուզմունքից, թե ուրախությունից`սկսում է հայրաբար խառնշտորել բանաստեղծի մազերը.

-Դու իմ Հովհաննես, Շիրա՛զ ջան, Շիրա՛զ…Գիտցի՛ր, տղա՛ս, քո էքսպրոմտը կմնա, քանի աշխարհում ուրիշի ունեցվածքին ու երկրներին աչք դնող թալանչիներ կան: Իզուր չէ, որ այս երգը գրել է հայորդին, ում թալանեցին, զավթեցին… բայց նա կա՛, կլինի՛..