Ադրբեջանը վերջնականապես պատրաստվում է ջնջել հայկական հետքերն Արցախի հայկական հուշարձանների վրայից
2022 թվականի փետրվարի 3-ին ադրբեջանական Report news agency լրատվական կայքը հրապարակեց մի հոդված, որում նշված էր Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը։ Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի և ճարտարապետության մասնագետներից, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներից, ովքեր «ուսումնասիրությունից» հետո պետք է հեռացնեն Արցախում «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները, արձանագրություններն ու հետքերը»:

Անար Քերիմովը հավելել է նաև, որ աշխատանքային հատուկ խումբն արդեն ստուգել է աղվանական կրոնական կառույցների որոշ գրվածքներ, բայց վերջնական ստուգումը պետք է կատարվի ականազերծման աշխատանքներից հետո, որոնք անվտանգ միջավայրում և արդեն միջազգային փորձագետների ակտիվ ներգրավվածությամբ պետք է բացահայտեն «հայերի կեղծիքները», փաստաթղթավորեն դրանք և ներկայացնեն միջազգային հանրությանը։ Արդյո՞ք դա նշանակում է, որ պիտի ջնջվեն Արցախի հուշարձանների հազարավոր հայերեն արձանագրությունները, ինչպես դա ցուցել է Ալիևը Ծակուռիում։ Արձանագրություններ, որոնք այդ ժառանգության պատկանելության ամենակարևոր և առաջնաjին վկայություններն են։