Դադիվանքի պահապանները կամ խոչընդոտների մի ամբողջ շղթա

Երբ Դադիվանքը հայտնվեց Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում, այդ օրվանից ամեն անգամ մի նոր խոչընդոտ է ի հայտ գալիս, թշնամին ամեն ինչ անում է, որ ցանկացողները չկարողանան վանք այցելել։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշում է՝ ադրբեջանցիների համար անընկալելի է, որ իրենց վերահսկողության ներքո գտնվող հայկական եկեղեցում պետք է աղոթք հնչի, զանգեր ղողանջեն, իսկ խաչը գմբեթին մնա:

«Յուրաքանչյուր կիրակի մենք անակնկալ ենք մուտք գործել վանք։ Բացատրել եմ ադրբեջանցիներին, որ անգամ Երուսաղեմում իսրայելցիների հողն է, բայց հայկական վանքերը պահպանվում են և գործում են ըստ մեր վանական օրենքների»,-ասում է Սրբազանն։

Նա հայտնեց նաև, որ ուխտավորներին հորդորում են չենթարկվել ադրբեջանցիների սադրանքներին և մեքենայից դուրս գալուն պես ուղիղ եկեղեցի գնան:

«Ադրբեջանցիները երբեմն-երբեմն կենցաղային խոչընդոտներ են ստեղծում Դադիվանք այցելող ուխտավորների համար՝ մեկ համավարակն են պատճառ բերում ու արգելում, մեկ էլ ասում են, թե այցելողների ցուցակների մեջ անճշտություններ կան»,-ասաց Սրբազանը:

Այնտեղ մշտապես 6 հայ հոգևորական է մնում՝ երեք սարկավագ և երեք աբեղա. նրանցից յուրաքանչյուրն ամիսը մեկ յոթ օրով տուն է գնում: