Դիլիջանի ամենապատմական ամառանոցը. իսկ դուք գիտե՞ք՝ ում է այն պատկանել, և ովքեր են այստեղ հյուրընկալվել

Դիլիջանում  նվիրական անունների հետ կապված մասունքներ շատ կան, բայց դրանց մեջ իր յուրահատուկ տեղն ունի իշխանուհի Մարիամ Թումանյանի առանձնատունը: Իրականում սա կարևոր մասունք է ոչ միայն Դիլիջանի, այլ ՝ ամբողջ  Հայաստանի համար:

Ամառանոցն այս Աղստև գետի ափին  կանգնած նախշավոր պատշգամբով երկհարկանի շենք է, որտեղ հյուրընկալվել են  Հովհաննես Թումանյանը, Շիրվանզադեն, Արմեն Տիգրանյանը, Լեոն, Ավետիք Իսահակյանը, Ազնիվ Հրաչյան, Սիրանույշը, Հասմիկը, Հովհաննես Աբելյանը, Իսահակ Ալիխանյանը, Ժասմենը, Արուս Ոսկանյանը, Աղասի Խանջյանը, Ասքանազ Մռավյանը, Անատոլ Լունաչարսկին, Նանսենը, Մաքսիմ Գորկին , Եղիշե Չարենցը:

Այս ամառանոցում  1927 թ-ին բուժվել է մեծ զորավար Հովհաննես Բաղրամյանը: Բուժվելու հույսով այստեղ է գալիս  նաև Վահան Տերյանի կինը՝ Սուսաննան, սակայն  նրան նույնիսկ  բախտ չի վիճակվում տեսնելու Դիլիջանի գարունը:  Նա մեռնում  և անհիշատակ թաղվում է այստեղ: