Հենց այս ՀԱՅՆ Է 1906 թվականի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը. գիտե՞ք՝ ով է նա

1906 թվականի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը ղեկավարել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ Սուրեն Սպանդարյանը՝ ծնված 1882 թվականի դեկտեմբերի 3-ին Թիֆլիսում:

Սուրեն Սպանդարյանը սովորել է Թիֆլիսի արական գիմնազիայում (1902)։ Ապա ավարտել Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-1903), ապա՝ իրավաբանական ֆակուլտետները, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։

Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906 թվականի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։

Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։

1907 թվականի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու և ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։

Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909 թվականի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ 1910 թվականի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912 թվականի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։

1912 թվականին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։

Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհի հրապարակում

1912 թվականի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913 թվականի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է: