Հենց այս ՀԱՅՆ է հիմնադրել Դ. Ի. Մենդելեևի անվան համամիութենական քիմիական ընկերությունը. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1939 թ.), պրոֆեսոր (1939 թ.), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), թղթակից անդամ (1946), Լենինյան (1972) և երեք Ստալինյան (1943, 1948, 1950) մրցանակների դափնեկիր, Գեներալ-մայոր (1949) Իվան Լյուդվիգի Կնունյանցի մասին է՝ ծնված 1906 թ. Շուշիում՝ Լյուդվիգ Կնունյանցի ընտանիքում։

Իվանը սովորել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանում՝ աշակերտելով Ալեքսեյ Չիչիբաբինին։ 1932 թվականից դասախոսական աշխատանքի է անցել Կ. Ե. Վորոշիլովի անվան քիմիական պաշտպանության զինվորական ակադեմիայում, իսկ 1938 թվականից արդեն ամբիոնի վարիչ էր։ Միաժամանակ ղեկավարում էր ԽՍՀՄ ԳԱ էլեմենտա-օրգանական միացությունների ինստիտուտի լաբորատորիան։ Դմիտրի Մենդելեևի անվան համամիութենական քիմիական ընկերության ամսագրի և Սովետական մեծ հանրագիտարանի «Քիմիա» բաժնի խմբագրության գլխավոր խմբագիրն էր։

1938-1954 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտում։ 1939 թ. Կնունյանցը պաշտպանում է քիմիական գիտությունների դոկտորի գիտական թեզը։ 1954 թվականից մինչև կյանքի վերջը՝ 1990 թ., ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տարր-օրգանական միացությունների լաբորատորիայի վարիչն էր։ 1953 թ. ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Իվան Կնունյանցը ֆտորօրգանական միացությունների քիմիայի հիմնադիրն է ԽՍՀՄ-ում, հայկական և արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների անդամ, ԽՍՀՄ Պետական (1943, 1948, 1950) մրցանակների դափնեկիր։ Հեղինակ է շուրջ 300 գիտական ծանրակշիռ ուսումնասիրությունների։ Անգլերենով լույս տեսած «Ֆտորի քիմիա» ամսագրի գիտական խմբագիրն էր 1972 թ.։ Հիմնադրել է Դ. Ի. Մենդելեևի անվան համամիութենական քիմիական ընկերությունը։ Իվան Կնունյանցը համարվում է ֆտորօրգանիկների գիտական դպրոցի հիմնադիրը։