Ո՞վ է այս ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ով արդեն 25 տարուց ավելի աշխատում է NASA-ում. ահա, թե ինչ է նա մտադիր անել ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է Բաքվում, այնտեղ ավարտել ֆիզմաթ ուղղվածության դպրոցը։ Երևան տեղափոխվել է երազանքի հետևից․ ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, հետո ուսումը շարունակել աստղաֆիզիկայի բաժնում, ասպիրանտուրայի տարիներին աշխատել Բյուրականի աստղադիտարանում։

«Համբարձումյանը շատ ճյուղեր էր ստեղծել Բյուրականում,  բայց ես որոշեցի զբաղվել պլազմայի ֆիզիկայով, որովհետև աշխարհում 99% նյութը պլազմա է։ Պլազման հիանալի ուսումնասիրել ենք ԵՊՀ-ում, և դա եղել է հիմքը, այն ֆունդամենտալ գիտելիքը, որն ինձ հետո պետք է օգներ աստղաֆիզիկայով զբաղվելիս։ Համալսարանը գերազանց ավարտելուց հետո տեսական գիտելիքներս սկսել եմ կիրառել Բյուրականի աստղադիտարանում՝ Համբարձումյանի հիմնած տեսական ֆիզիկայի բաժնում»,- ասում է հայազգի գիտնականը։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայրապետյանին առաջարկում են տեղափոխվել են Ամերիկա: Նա սկզբում աշխատել է լաբորատորիաներիում, 1 տարի աշխատել է Նյու Յորքի համալսարանում, որոշ ժամանակ նույնիսկ աշխատել է Փարիզում: 1995 թվականին նրան հրավիրում են NASA աշխատելու, և այդ օրվանից մինչև հիմա, արդեն 25 տարուց ավելի, հայազգի գիտնականը ապրում է Վաշինգտոնում և աշխատում NASA-ում:

Վլադիմիր Հայրապետյանն այժմ էլ համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ,  պարբերաբար հանդիպում է երիտասարդ հայ աստղաֆիզիկոսների հետ, օնլայն սեմինարներ է կազմակերպում։ Համոզված է, որ հայ գիտական միտքը հսկայական ներուժ ունի, և առաջիկա տասնամյակներին հայ գիտնականները, ոչ միայն աստղաֆիզիկայի ոլորտում, ֆանտաստիկ արդյունքներ են գրանցելու՝ Հայաստանը դարձնելով առաջատար գիտական կենտրոն։

«Ամենակարևորը ազգային գաղափարն է։ Հայաստանում փոքրուց պետք է սովորեցնել երեխային, որ առանց գիտության ապագա չկա, որովհետև իսկապես, Հայաստանի ապագան գիտության և գիտելիքի ձեռքբերման մեջ է։ Մենք արդեն մեխանիզմներ մտածել ենք։ Աշխարհի տարբեր երկրների գիտնականները խմբեր են ձևավորելու և, իհարկե, իմ գլխավորությամբ, գալու ենք Հայաստան և մենթորություն ենք անելու՝  սկսած ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի ուսանողներից մինչև Բյուրականի աստղադիտարան։ Այս այցերը պիտի լինեն պարբերական, գոնե 6 ամիսը մեկ խմբերը կփոխարինեն իրար»,-պատմում է Վլադիմիր Հայրապետյանը։