«2 ամսվա ծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, ինքը տղաներին հանեց շրջափակումից, բայց չկարողացավ փրկել սեփական կյանքը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արսենին

Արսեն Կարենի Ազիզյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 22-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում: Սովորել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը մինչև 9-րդ դասարան, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաք և ուսումը շարունակում տեղի թիվ 9 միջնակարգ դպրոցում։

Դպրոցն ավարտելուց հետո ծնողներին ստիպել է ինքնաթիռի տոմս գնել, որ ինքը վերադառնա հայրենիք և անցնի զինվորական ծառայության։ 2018 թվականի հուլիս ամսին վերադառնում է Հայաստան, որ հենց ամռան հավաքին մեկնի ծառայության, բայց բժշկական հետազոտություն չանցնելու պատճառով ծառայությունը հետաձգվում է 6 ամսով։

Հայոց բանակ զորակոչվում է 2019 թվականի հունվարի 21-ին, ծառայում էր Մատաղիսի զորամասում։ Իր լավ վարքի և առաջադիմության համար Արսենին հոկտեմբեր ամսին տեղափոխում են Վանաձոր՝ սերժանտական պատրաստվածության։

2020 թվականի հունվար ամսին վերադառնում է Մատաղիս արդեն որպես կրտսեր սերժանտ հետախույզ։ Մայրը միշտ շատ էր անհանգստանում, որ Արսենը հենց Մատաղիսում է ծառայում, իսկ նա մայրիկին միշտ հանգստացնում էր ասելով. «Դու պիտի հպարտ լինես, որ տղեդ հենց Մատաղիսում է ծառայում, ստեղ լավ տղերքն են ծառայում, ամեն տղա չի կարա Մատաղիսում ծառայի»։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է թեժ մարտերին, եղել է նորակոչիկների հետ, որպես ջոկի հրամանատար։ Զոհվել է հոկտեմբերի 1-ին։ Ընկերների պատմելով՝ զոհել է սեփական կյանքը, որպեսզի փրկի տասնյակից ավել նորակոչիկների, որոնք ընդամենը 2 ամսվա ծառայողներ էին և հայտնվել էին շրջափակման մեջ։

Նրան հաջողվել է տղաներին հանել շրջափակումից, բայց չի հաջողվել փրկել սեփական կյանքը։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։

Արսեն Կարենի Ազիզյանը իր կատարած սխրանքների համար ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության» շքանշանով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…    
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…