«Նա իր զինվորին «որդիս» էր անվանում». ՀԵՐՈՍ հրամանատար, ով կռվին զուգահեռ զինամթերք ու սնունդ էր հասցնում դիրքեր, տեղափոխում դիերը և օգնում վիրավորներին

Այսօրվա մեր Հերոսը հրամանատար Արտուշ Արզումանյանն է... հրամանատար, ով իր զինվորին "որդիս" էր անվանում: 

1979 թվականին ծնված Արտուշ Արզումանյանը իր կյանքի 23 տարին անձնուրաց նվիրել է Արցախի սահմանների պաշտպանությանը, Հայոց բանակին ու իր զինվորներին։ Նա մասնակցել է Քառօրյա պատերազմին, որից հետո նշանակվել է վաշտի հրամանատար, 2018 թվականին ստացել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում, իսկ մեկ տարի անց՝ կապիտանի զինվորական կոչում:

Արտուշը ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Իր զինվորներին վերաբերվում էր սեփական երեխաների պես, յուրաքանչյուրի մեջ սերմանում հայրենասիրություն, արիություն ու արդարամտություն։

Նա անցել է աննկարագրելի մարտական ուղի, մասնակցել է Ապրիլյան Քառօրյային, իսկ հրադադարից հետո սեփական ստորագրության համաձայն լծվել է դիերի փոխանակման ու հայկական կողմից դիակների դուրս բերման գործընթացին:

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ արդեն թշնամին առավելության էր հասել իրենց կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ և ոչնչացրել բոլոր ռազմական մեքենաները, Արտուշը սեփական մեքենայով ու լրիվ միայնակ զինամթերք ու սնունդ է հասցրել դիրքեր, զուգահեռ տեղափոխել դիերը, մասնակցել մարտական գործողություններին և օգնել վիրավորներին։

Նա հստակ իմացել է, որ թշնամին արդեն թիրախավորել է մեքենան, հստակ իմացել է, որ ամեն վարկյան կարող է զոհվել։ Նման մարդկանց համար են ասում՝ մահ իմացյալ` անմահություն։

Հոկտեմբերի 28-ին էլ կապիտանը անմահացավ` հանուն Արցախ աշխարհի ու Հայաստանի Հանրապետության։ Անմահացավ՝ թողնելով սպայական անձնուրաց ծառայության, կյանքից առավել դասվող հայրենասիրության օրինակ և բազում փրկված կյանքեր։

Անմահացավ՝ թողնելով երեք արու զավակ, որոնք կորցրեցին իրենց ՀԵՐՈՍ հորը, թշնամու վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի իրենց տունը, որտեղ այդքան տարի ապրել ու արարել էին, և որտեղ հետդարձի ճանապարհ այլևս չկա.. Հրամանատարի ավագ որդին՝ Արան, այսօր ծառայում է Արցախում՝ բարձր պահելով ՀՈՐ և Հայրենիքի պատիվը…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…