Հերոս Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ․ նրանք հայտնվել էին ԱԹՍ-ի թիրախում

Արտյոմ Զախարյանն այն հերոսներից մեկն էր, ով կյանքը տվեց հայրենիքի համար։ Նա բանակ էր զորակոճվել «Ես եմ» ծրագրով, պետք է 3 տարի ծառայեր, իսկ դրա դիմաց ստացած գումարով տուն էր ուզում գնել։

Պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 11-ին, զինծառայողները 3 մեքենայով Ա կետից Բ կետ են գնացել, երբ Հադրութ-Ջաբրայիլ հատվածում թշնամին տեղորոշել է նրանց ու հայտնվել են ԱԹՍ-ի թիրախում։ Երեք «ԿԱՄազ»–ներում գտնվող 72 տղաներից որևէ մեկին չի հաջողվել փրկվել։ Այդ զինվորներից մեկը 19-ամյա Արտյոմ Զախարյանն էր, որը Մարտունի 3–ի երկու ամսվա ծառայող էր։

Հերոսի ընտանիքը հիմա վարձով է մնում, քանի որ հարազատ Ջիվանի գյուղն ու նրանց տունն այժմ թշնամուն են մնացել։ Արտյոմը երեխաներից ավագն էր` նա մեկ եղբայր և երկու քույր ուներ։ Հայրն ասում է` տղան որոշել էր զինվորական դառնալ` հետախույզ։

Արտյոմի հայրն էլ գյուղի ինքնապաշտպանական մարտերին է մասնակցել։ Ռոբերտն ասում է` 5 օր են պայքարել Ջիվանիի համար, դրանից հետո դուրս են եկել գյուղից, քանի որ թշնամին արդեն շատ մոտ էր։

Հիմա ընտանիքը սպասում է տուն ստանալուն, որպեսզի գոնե իմանան` որտեղ են ապրելու, որ աշխատանք փորձեն գտնել։ Տիկին Լուսինեն ասում է` որտեղ ուզում է` թող տուն տան, միայն թե «սահմանի բերան» չլինի, քանի որ երեխաների համար շատ է վախենում։ Կինն ասում է, որ փոքր տղան, որը 17 տարեկան է արդեն, եղբոր զոհվելուց հետո շատ է փոխվել ու հիասթափվել` ոչնչով զբաղվել չի ուզում։