«2 ամսվա ծառայող էր, բայց նույնիսկ վզի և ականջի հատվածում բեկորային վնասվածքից հետո հրաժարվեց լքել մարտը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Էրիկին

Էրիկ Լեռնիկի Հովհաննիսյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 7-ին Երևանում: Դպրոցին զուգահեռ հաճախում էր բռնցքամարտի և հանդբոլի, հասցրել է նաև մեդալներ նվաճել:

Դեռ փոքր տարիքից Էրիկը մորն ամեն անգամ ասում էր՝ ե՞րբ պիտի մեծանամ ու աշխատեմ, որ դու չաշխատես: Նա արդեն դրել էր իր ապագա աշխատանքի հիմքերը՝ ավարտելով Երևանի Հերացու անվան պետական բժշկական քոլեջը: Մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր:

Հայոց բանակ զորակոչվեց քոլեջն ավարտելուց հետո՝ 2020 թվականի հուլիսի 3-ին: Ծառայությունն անց էր կացնում Արցախում՝ Հադրութի զորամասում: Մայրը՝ Տիկին Հասմիկը, ասում է.

«2 ամիս 24 օրվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Տղաս առաջին օրվանից մինչև վերջին շունչը կռիվ է տվել ամեն մի միլիմետր հողի համար: Պատերազմի օրերին եղբայրս նույնպես կամավորագրվել էր ու գնացել, որ Էրիկի կողքին լինի: Երկուսն էլ Հադրութում էին կռվում, հետո Շուշիում, բայց այդպես էլ միմյանց չեն հանդիպել…»:

Երբ տուն էր զանգում, մոր որպիսությունը հարցնելուց հետո միանգամից հարցնում էր քեռու մասին՝ տուն զանգել է, թե ոչ: Ավաղ, նոյեմբերի 7-ին Էրիկը վերջին անգամ զանգեց հարազատներին.

«Էիկի հետ վերջին անգամ նոյեմբերի 7-ին եմ խոսել, այդ ժամանակ Շուշիում էր ու կրակոցների ձայները շատ բարձր էին լսվում, իսկ ինքը որևէ բան չէր պատմում, ասում էր՝ մամ, ամեն ինչ լավ է, չանհանգստանաք, կարող է ուշ-ուշ զանգեմ, կապերը վատ են: Այդ օրվանից հետո էլ նորություն չունեցա»:

Էրիկի ընկերները պատմել են, որ նա վզի և ականջի հատվածում բեկորային վնասվածք է ունեցել, առաջարկել են գնալ զինվորական հոսպիտալ, բայց հրաժարվել է: Զոհվել է Շուշիում մղվող մարտերի ընթացքում՝ սրտի ու թոքի բեկորային վնասվածքներից: Մայրն ասում է. «Միայն զոհվելուց հետո եմ Էրիկի զինակից ընկերներից իմացել, որ ինքը հետախույզ է եղել և դիպուկահար»:

Էրիկ Լեռնիկի Հովհաննիսյանը պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…