«Մայորին գրկեցի, որ դուրս հանեմ, ուժս չհերիքեց և ընկա, հենց այդ պահին կրակեցին ինձ վրա. Բուժակը գոռաց` լա՞վ ես, սա՞ղ ես»․ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿԻ պատմությունը

Գարիկ բուժկետի վարորդ է եղել և պատերազմը սկսվելուն պես` վիրավորներին է դիրքերից հոսպիտալ տեղափոխել։ Պատերազմի ամենաթեժ օրերին, երբ չորս կողմը վիրավորներ էին, իսկ ժամկետային զինծառայող Գարիկ Ավետիսյանի գործը նրանց հոսպիտալ հասցնելն էր, հրաշք է տեղի ունեցել։

Գարիկը փորձել է փրկել գումարտակի շտաբի պետ մայոր Գևորգ Գասպարյանի կյանքը, որի գլխին դիպուկահարի 2 գնդակ էր կպել ու հենց այդ պահին կրակել են իր վրա, բայց Աստծո օգնությամբ նա ողջ է մնացել։

«Մտքիս դրել էի ամեն գնով շտաբի պետին հոսպիտալ հասցնել։ Չորս կողմից կրակում էին, շրջանցել չկարողացա և որոշեցի ուղիղ դեպքի վայր քշել։ Հետո մայորին գրկեցի, որ դուրս հանեմ, ուժս չհերիքեց և ընկա, հենց այդ պահին կրակեցին ինձ վրա։ Փամփուշտը պահեստատուփին կտավ ու ձեռքիս տակով անցավ։ Բուժակը գոռաց` «լա՞վ ես, սա՞ղ ես»։ Խորը շունչ քաշեցի, տեսա, որ շունչս գնում է, սաղ եմ»,–պատմում է Գարիկը։

Փամփուշտը թեթև քերծել էր Գարիկի ձեռքը, ուրիշ ոչինչ չէր եղել։ «Լինում էին դեպքեր, որ երբ հասնում էինք վիրավորների մոտ, մի քանի տեղից գոռում էին «սկոռի՜», և չգիտեի` ում մոտենամ»,–հիշում է Գարիկը և նշում, որ մայորը 3 օր կոմայի մեջ մնալուց հետո, ցավոք, մահացել է…

Գարիկը հիշում է` երբ ծանր վնասվածքով զինվորի էր տեղափոխելիս լինում, ողջ ճանապարհին խոսում էր նրա հետ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա կիսատ թողած կրթությունն է շարունակում Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի բաժնում։

Նյութը Կարինե Հարությունյանի հոդվածից