«Հարցնում էինք՝ ո՞նց ես, ասում էր՝ շատ լավ եմ, սենց գնա, մի քանի օրից կհասնենք Բաքու». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հենրիկին

Հենրիկ Սերգեյի էլոյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 25-ին Աբովյանում, ապրել Երևանում: Սովորել է Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոցում, այնուհետև Երևանի թիվ 45 հիմնական դպրոցում: 15 տարեկանում ընդունվել է ՀԱԱՀ-ին կից վարժարան, որտեղ սովորել է սննդի տեխնոլոգիա մասնագիտությունը:

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 2-ին, ծառայել է Արցախում՝ Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում, եղել է հրաձիգ կապավոր:

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից Հենրիկը 3-րդ հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Արցախի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում մղվող թեժ մարտերին: Առաջին անգամ վիրավորում է ստացել հոկտեմբերի 7-ին Հորադիզի շրջանում բանակային հակագրոհի ընթացքում:

Բեկորներից մեկը ողնաշարին էր դիպչել, որը պետք է հեռացնեին դեռ ամիսներ անց, ինքը, վիճելով հարազատների ու բժիշկների հետ, ասել է, թե պետք է Արցախը պաշտպանի, կարևորը քայլել կարողանում է, և դեռևս լիովին չապաքինված՝ վերադարձել է մարտի դաշտ: Իսկ պատերազմի ընթացքում հարազատների հետ խոսելիս միշտ ասում էր. «Շատ լավ եմ, սենց գնա մի քանի օրից կհասնենք Բաքու»:

Հենրիկը մարտերի ժամանակ աչքի է ընկել տարբեր բնագծերում հնարամիտ տարբերակներով վաշտի կապը գործուն պահելով: Կարմիր շուկա-Շեխեր գյուղերի պաշտպանական բնագծում գումարտակի անձնակազմի հետ միասին շուրջ մեկ շաբաթ համառորեն դիմագրավել և կասեցրել է հակառակորդի հետիոտնի գրոհները:

Զոհվել է նշված բնագծում անօդաչուի հարվածից հոկտեմբերի 28-ին, սակայն մարմինը գտնվել է 68 օր անց:

Շարքային էլոյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…    
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…