«Պիտի գնամ ու վրեժ լուծեմ երեխեքի համար»․ Հովհաննեսը հայտնվել է դիպուկահարի թիրախում, նրա մահից 2 ժամ անց իրենց դիրքը գրավել են

Հովհաննեսը գիտեր, որ հայր է դառնալու, բայց դա նրան հետ չպահեց, որ որպես կամավոր մեկնի պատերազմ։ Խոստացել էր Կնոջը երկու օրից տուն գալ, բայց խոստումը թողեց անկատար՝ զոհվեց դիպուկահարի կրակոցից։

Մարկոսյան Հովհաննեսն ու Անին 4 տարի պայքարում էին, որ երեխա ունենան։ Զույգի երազանքը կատարվեց լույս աշխարհ եկավ փոքրիկ Միլան։ Երբ պատերազմը սկսվել է, 26-ամյա Հովհաննեսն արդեն գիտեր` վերջապես հայր է դառնալու։

«Հրազդանից շատ զոհեր ունեցանք. Հովհաննեսը բոլորի հուղարկավորությանը գնում էր։ Ամեն անգամ ավելի զայրույթով ու միաժամանակ ավելի ընկճված էր վերադառնում։ Ասում էր` էս ինչ է կատարվում, 18-19 տարեկաններն են զոհվում։ Հետո արդեն` հոկտեմբերի 12-ն էր, ասաց, որ վաղն ինքն էլ որպես կամավոր կգնա Արցախ»,-պատմում է կինը և լռում. հավանաբար իրենց խոսակցությունն է հիշում։

«Պիտի գնամ ու վրեժ լուծեմ 18-19 տարեկանների համար»,– ասել է Հովհաննեսը կնոջը։ Հոկտեմբերի 13-ին մեկնել է Արցախ։

Կինը պատմում է` քանի որ ամուսինը զենքերից լավ է հասկացել, նրան փորձել են պահել Ստեփանակերտում, բայց Հովհաննեսը չի համաձայնել, և նրան տեղափոխել են Ջաբրայիլ։ Այստեղ Հովհաննեսի ձեռքի տակ է ընկել թշնամուց «նվեր մնացած», մի փոքր վնասված 3 ПК գնդացիր։ Նա դրանցից երկու գնդացիր է հավաքել ու հենց դրանով էլ անցել գործի` փորձելով կասեցնել թշնամու գրոհը։

Բայց ընդամենը 2 օր հայտնվել է դիպուկահարի թիրախում։ «Դիպուկահարը գլխին է կրակել… Ասում են` 2 ժամ շունչը տեղն է եղել, բայց անգիտակից է եղել»,–պատմում է Անին և հավելում` երկու ժամ անց այդ դիրքն արդեն գրավել է թշնամին։