«Մա՛մ, Մաշիս լավ կնայես մինչև գամ». ՀԵՐՈՍ Լևոնը պատերազմի նախորդ օրը սեփական հարսանիքից մեկնեց մարտի դաշտ ու անմահացավ

Հայրենիքը նրա համար բարձրագույն արժեք էր, իսկ հայրենիքի պաշտպանությունը՝ պարտավորություն և սրբազան պարտք, որ պետք է իրականացնի յուրաքանչյուր հայ:

44-օրյա պատերազմի նախօրեին մայոր Լևոն Ավետիսյանի հարսանիքն էր: Պատերազմի լուրը ստանալուն պես նա դադարեցրել է իր արձակուրդը և հրամանատար Վահագն Ասատրյանի հետ մեկնել է մարտի դաշտ:

Լևոնը Արցախի տարածքը շատ լավ է իմացել: Նա սկզբում եղել է խորքային հետախույզ, իսկ հետո երկար տարիներ ծառայությունը անցկացրել է այդ հատվածներում: Կիրառելով իր հմտությունները՝ մայորը թշնամուն պատճառել է բազմաթիվ կորուստներ:

Մայրը պատմում է, որ հերոս որդին պարբերաբար զանգել է և խոսել ընտանիքի անդամների հետ: Ամեն անգամ զանգելիս նա ասել է, որ ամեն ինչ լավ է, շուտով հաղթանակած հետ են վերադառնալու, ոչ մի անհանգստանալու բան չկա: Մայրն ասում՝ Լևոնն այդպիսինն էր, երբեք չտրտնջացող ու չբողոքող…

Մարտի դաշտից Լևոնը զանգել է մորը ու ասել. «Մաշիս լավ կպահես, մինչև գամ»: Ընդամենը 1 օր տևեց նրանց ուրախությունը: Օրը փոխվելուն պես ժամեր անց, երբ ստացան պատերազմի բոթը, ամեն ինչ խառնվեց ու կյանքը սևացավ…

Սարիշենի մատույցներում հակառակորդի անօդաչուի հարվածը խլում է հայ գնդապետի, փոխգնդապետի և մայորի կյանքը: Երեք հետախույզներ՝ անպարտելի Վահագներն ու առյուծ Լևոնը, ով երդվել էր իր զնակիցների կողքին լինել մինչև վերջին շունչը: