«Ապրիլյանի ժամանակ դեռ 15 տարեկան էր, բայց շտապում էր մարտի դաշտ, ասելով՝ տղերքի կողքին կլինեմ, գոնե զենք, փամփուշտ, հաց կհասցնեմ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Նարեկին

Նարեկ Արմենի Սերոբյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 9-ին Երևանում։ Սովորել է թիվ 36 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Մանուել Քաջազնու անվան թիվ 54 ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երևանի Պետական Համալսարան՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետ: Նարեկը ձգտում էր սովորել ավելին, անընդհատ ինքնակրթվում ու զարգանում էր։ Տիրապետում էր մի քանի լեզուների՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն։

Հերոսը սիրում էր ստեղծագործել, մտքերն ու խոհերը հանձնում էր թղթին, իսկ գրքերի հանդեպ հետաքրքրությունը անսահման էր: Կարդում էր բոլոր ժանրերը, սակայն ավելի շատ հետաքրքրված էր արկածային գրականությամբ։ Նույնիսկ ծառայության ընթացքում, երբ հարազատները ծանրոց էին ուղարկում, գիրք էր ուզում, այն հարցին թե՝ «Ժամանակ ունե՞ս ընթերցելու», պատասխանում էր. «Մարդ ամեն ինչի ժամանակ էլ կգտնի, ցանկություն է պետք ուղղակի»:

Բազմակողմանի զարգացած երիտասարդ, ով ամեն ինչ հասցնում էր ու համատեղում։ Հաճախում էր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիայի կենտրոն, սովորում էր ծրագրավորման բաժնում, հայկական վիքիպեդիայում կամավորական էր, շուրջ 500 հետաքրքիր հոդվածների հեղինակ էր, խաղում էր շախմատ, մասնակցում էր մրցույթների ու հաղթում։

Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 1-ին՝ ուսումը կիսատ թողնելով։ Ծառայել է Արցախում՝ Հադրութի զորամասում։ Մինչև Արցախ տեղափոխվելը ծառայել է Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում։

2016 թվականի ապրիլյան պատերազմը Նարեկի մեջ ոսոխի հանդեպ վրեժն արթնացրեց: Մեծ ցավ էր ապրում 18-20 տարեկան դեռ կյանք չմտած մեր նահատակված Հերոսների անունները լսելով։ Այդ ժամանակ դեռ 15 տարեկան էր, բայց ամեն կերպ փորձում էր մեկնել ռազմաճակատ, ուզում էր լինել տղերքի կողքին, երբ ծնողներն ասում էին. «Դու փոքր ես, ինչ ես անելու, որ գնացիր», Նարեկն ասում էր. «Տղերքի կողքին կլինեմ, զենք կտանեմ, փամփուշտ կտանեմ, հաց կտանեմ»։ Եվ ահա եկավ Նարեկի վրեժ լուծելու հերթը, այս անգամ ոչ թե որպես զենք տանողի, այլ զենքը ձեռքին թշնամու դեմ կռվողի։

44-օրյա պատերազմը դիմավորեց դիրքերում: Պատերազմի ընթացքում 16 օր լինելով ամենաթեժ կետերում՝ Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլիի) առաջնագծում, պայքար է մղել թշնամու դեմ։ Տիրապետում էր «Կորդ», «СПГ» զինատեսակներին և ճշտգրիտ հաշվարկների շնորհիվ կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները, օգնել է վիրավոր ընկերներին դուրս բերել մարտի դաշտից, կատարել է շատ բարդ մարտական խնդիրներ:

Ոչ մի րոպե իրեն վստահված դիրքը չլքեց, իսկ հոկտեմբերի 13-ին թշնամու ԱԹՍ հարվածից ծանր վիրավորում ստացավ, ավաղ, զոհվեց հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։

Նարեկ Արմենի Սերոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության և խիզախության» մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…