Հերոս բժիշկը դիվերսանտների ծուղակում է հայտնվել․ Սաշան 40 զինվորի կյանք է փրկել

Սաշան զոհվել է հենց պատերազմի երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Եղբայրն ասում է, որ իրեն տանջում է այն միտքը, որ տան մեծն ինքն է, բայց եղբայրն է զոհվել։

Եռաբլուրում հուղարկավորված ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը, ճիշտ է, չհասցրեց վիրավորներին օգնության հասնել, բայց կարողացավ օգենլ, որ Քարվաճառի դիրքերից մեկում գտնվող տղաները փրկվեն։

Դիրքեր պիտի բարձրանար մի բժշկուհի, բայց Սաշան թույլ չի տվել, որ կին գնա. արդեն հայտնի էր, որ վտանգը շատ մեծ է։ Երեք հոգով` վարորդը, մի զինվոր և ինքը, ճանապարհ են ընկնել դեպի առաջնագիծ։ Երբ արդեն 2000 մետր բարձրացել են, հայ զինվորականների համազգեստով տղամարդիկ կանգնեցրել են մոտեցող մեքենան։

Սաշան շտապ իջել է` մտածելով, որ գուցե օգնության կարիք կա, բայց հայտնվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի շրջափակման մեջ։ Սաշային սպանել են, այդ ընթացքում վարորդը հասցրել է մեքենան շրջել ու միջից իրեն դեպի ձորը գլորել։

Մեքենայում գտնվող կարողացել է դուրս գալ մեքենայից և գլորվելով հասնել այնտեղ, ուր հայ զինվորներով լեցուն «ԿամԱԶ» է եղել։ Գուրգենն ասում է, որ գումարտակի հրամանատարը հայտնել է` եթե կանխավ չիմանային դիվերսանտների գոյության մասին, դիրքը գրավելու էին, և 40 զինծառայող էր զոհվելու։