«Միշտ արթուն էր, հարցնում էինք՝ Վաչի՛կ, էդ դու քուն չե՞ս ինում, միայն համեստորեն ժպտում էր ու թեման փոխում». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Վաչիկին

Վաչիկ Բալայանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 6-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Սովորել է տեղի թիվ 2 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Սոս գյուղի Հայկ Հակոբյանի անվան դպրոցում։ Հայոց բանակ է զորակոչվել դպրոցն ավարտելուց հետո՝ 2015 թվականին: Ծառայել է Ջրականում (Ջաբրաիլում), ստացել է ավագ սերժանտի կոչում:

Ծառայության ընթացքում աչքի ընկնելով իր խիզախությամբ ու նվիրվածությամբ՝ պարգևատրվել է շնորհակալագրերով և կրծքանշաններով:

Ավագ սերժանտ Վաչիկ Բալայանը մասնակցել է և՛ Ապրիլյան Քառօրյային, և՛ 44-օրյա պատերազմին:

Մասնակցել է Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի մարտերին, այնուհետև կամավորագրվել է և մեկնել Ֆիզուլի: Արիաբար թշնամու դեմ կռվելով՝ իր 8 մարտական ընկերների հետ գրավել է կարևոր նշանակություն ունեցող դիրքեր: Հենց Ֆիզուլիում էլ հոկտեմբերի 23-ին թշնամու անօդաչու թռչող սարքից մահացու վիրավորում է ստացել:

Վաչիկի մարտական ընկերը պատմում է այդ դաժան օրերի մասին.

"Մեծ էր մեր ուրախությունը, երբ լսեցինք, որ մեզ օգնություն է գալու. օրհասական պահեր էին, քանի որ ըստ մեր կողմից կատարվող դիտարկումների՝ րոպե առ րոպե ավելանում էր թշնամու քանակը: Թշնամին դիրքավորվել էր արդեն մեզ հարակից երեք բարձունքներում, ընդ որում՝ իրենց դրոշներով: 
Երբ լսեցի, որ տղաների խումբն արդեն եկել է, գնացի դիմավորելու. մեր հարակից բոլոր տարածքներում ցանկացած տեղաշարժ՝ լինի դա մարդկանց (հետևակի), թե տեխնիկայի, շատ վտանգավոր էր, քանի որ օդից թշնամին ամեն ինչ վերահսկում ու խոցում  էր: Խմբի մեջ էր նաև Վաչիկը: Շատ էր տխրում, երբ լսում էր, որ թշնամին Ամարասի մոտակայքում էր՝ իր հայրենի Սոսին այդքան մոտ: Բայց և չէր կարող թողնել իր մարտական դիրքը, որտեղ նա շտապել էր՝ որպես կամավոր, իր ընկերների մոտ, իր սուրբ հողը պաշտպանելու, ուր նույնիսկ խրամատներ փորելու ժամանակ էին հայկական կարասներ հայտնաբերում: 
Վաչիկի ընկերները Արցախի ամենատարբեր ճակատներում էին: Անասելի մեծ ցավ էր ապրում, ինչպես և բոլոր մեր տղաները, երբ լսում էր իր ընկերների զոհվելու մասին: Առանձնապես շատ ծանր տարավ ու չէր համակերպվում իր Նակո անունով ընկերոջ կորստին: 

Վաչիկը շատ զգոն էր. գիշերային հերթափոխների ժամանակ միշտ արթուն, նույն ձևով նաև ցերեկը: Երբ հարցնում էինք՝ Վաչի՛կ, էդ դու քուն չե՞ս ինում, միայն համեստորեն ժպտում էր ու թեման փոխում": 

Իր կատարած սխրագործությունների համար հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 1-ին աստիճանի մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…