«Չեմ կարող էս երեխեքին մենակ թողնել։ Չեմ կարող վախկոտի պես ապրել»․ հերոս Վահեն բազում կյանքեր է փրկել, նույնիսկ մահից րոպեներ առաջ

Պատերազմի օրերին բազմաթիվ կյանքեր փրկած դեղագետ Վահե Մելիքսեթյանը զոհվելուց րոպեներ առաջ էլ հասցրել է փրկել զինվորներից մեկի ոչ միայն կյանքը, այլև տեսողությունը։

Զինվորը պատմել է, որ հոկտեմբերի 8-ին, երբ հայկական կողմը հակահարձակման է անցել՝ բարձունքը հետ վերցնելու, աչքի շրջանում վիրավորում է ստացել։ Այդ ժամանակ Վահեն շտապել է օգնության։ Զինվորը խնդրել է աչքերը չվիրակապել, որպեսզի տեսնի շուրջը և գիտակցությունը չկորցնի։ Բայց Վահեի փորձն այլ բան է հուշել։

Վահեն հրահանգել է տղային հոսպիտալ տեղափոխել, իսկ ինքը նորից հետ է գնացել մյուս վիրավորներին օգնության հասնելու` իմանալով, որ այնտեղ թեժ մարտեր են` դեմ դիմաց։ Հակառակորդի գնդակից, սակայն, Վահեն զոհվել է, իսկ զինվորը, որի աչքն էր վիրավորվել, պահպանել է տեսողությունն ու արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցից…

Վահեն սիրում էր դաշնամուր նվագել։ Սարգիսն ասում է, որ եղբայրն ամենաշատն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսն» էր նվագել, սակայն այնպիսի ստեղծագործություն չկար, որ չկարողանար կատարել։ Նվագել Վահեն շատ էր սիրում, և անգամ երբ բանակից արձակուրդ էր գալիս, տան անդամների հետ մի քիչ շփվելուց հետո գնում և դաշնամուրի առաջ էր նստում։

 «Վահեի մարտական ընկերներն ասում են, որ շատ էր քաջալերում նրանց, իր ունեցած–չունեցածը տալիս մյուսներին։ Երբ հարցրել են, թե ուր է իր սաղավարտը, զրահաբաճկոնը, «արդարացել» է, թե վիրավոր տեղափոխելիս դրանք ծանր են, և առանց դրանց ավելի հարմար է օգնության հասնել։ Նա խրամատում գտնվող իր ընկերներին նաև տարատեսակ պատմություններ է պատմել ու չի թողել գիշերը քնեն, որ չմրսեն՝ թոքաբորբ ընկնեն»,–պատմում է Սարգիսը։

Վերջին խոսկացության ժամանակ եղբորը ասել է․ «Չեմ կարող էս երեխեքին մենակ թողնել։ Չեմ կարող վախկոտի պես ապրել»,–եղբորն ասել է Վահեն։ Սարգիսն ասում է` բարձունքը, որի համար նաև Վահեն է պայքարել ու կյանքը տվել, մի քանի ժամ է միայն հայկական կողմի ձեռքում եղել։