«4 օր շրջափակման մեջ էր, բայց չհանձնվեց, մինչև վերջ էլ կռիվ տվեց թշնամու դեմ ու զոհվեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Վահեին

Վահե Արմենի Կարապետյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում: Սովորել է Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 միջնակարգ դպրոցում: Վահեն դեռ վաղ տարիքից էր աչքի ընկնում իր ընդունակություններով, ինտելեկտով, խաղում էր շախմատ, նվագում կիթառ, զբաղվում նկարչությամբ և երաժշտությամբ:

Դպրոցն ավարտեց գերազանց և կրթությունը շարունակեց Հայ-Ֆրանսիական քոլեջում, իսկ 2019 թվականին ընդունվեց Հայ-Ֆրանսիական համալսարան: Տիրապետում էր 5 լեզվի՝ Հայերենի, Անգլերենի, Ռուսերենի, Ֆրանսերենի և Գերմաներենի:

Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականին: Սկզբնական սերժանտական դասընթացները Քանաքեռում անցկացնելուց հետո տեղափոխվել է Սիսիանի զորամաս: Եղել է կապավոր ռադիոջոկի հրամանատար: Պատերազմի օրերին Սիսիանից մեկնեց Արցախ՝ Հադրութ:

Հադրութում իր ջոկատի հետ 4 օր գտնվել են շրջափակման մեջ, որի ընթացքում էլ թշնամու դեմ կռվելով մինչև վերջին շունչը՝ անմահացել է հոկտեմբերի 15-ին:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Կրտսեր սերժանտ Վահե Արմենի Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…    
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…