«Գնալու եմ ամենահեռու ու ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ». ՀԵՐՈՍ ՎՐԵԺԸ մարտական ոգով գնաց ծառայության, սակայն անմահացավ պատերազմում

Վրեժ Գեղամի Ավետիսյանը ծնվել է 2000թ. դեկտեմբերի 21-ին Երևանում: Ընտանիքում 6 երեխա են՝ 3 քույր, 3 եղբայր, մեծն ինքն էր: Շատ խելացի էր, հասկացող, զիջող, հանդուրժող, մեծերին հարգող ու միշտ օգնող:

Ավագ դասարաններում սովորել է թիվ 109 դպրոցում, թեքումը՝ տնտեսագիտական: Շատ էր սիրում Մաթեմատիկա: Այդ տարիներին նաև աշխատել է՝ ընտանիքի հոգսը կիսելու և բացը լրացնելու համար: Զբաղվել է նաև սպորտով: Առաջին դասարանից, սիրողական մակարդակով, 7 տարի հաճախել է լողի: Գերազանց էր լողում, մարզիչը նույնիսկ ասել է՝ «Եկ քեզ էլ դարձնեմ մարզիչ»: Որպես քույրերի ու եղբայրների մեծ՝ հոգատար եղբայր էր: Օգնում էր կրտսեր քույրերին ու եղբայրներին դասապատրաստման հարցում, ավագ եղբոր իրավունքով ասում էր` Եկեք նստեք, տեսնեմ ով ինչ դաս ունի:

Ընտանիքում իր կարծիքին մեծ տեղ էին տալիս, անգամ մայրը՝ տիկին Լուիզան էր սիրում լսել, ենթարկվել նրան: Վրեժը երազանքներ շատ ուներ, դեռ ամեն բան առջևում էր: Կազմակերպչական մեծ եռանդ ու ջիղ ուներ: Նպատակ ուներ ընդունվել պոլիտեխնիկ ինստիտուտ, ապա լավ տուն ունենալ և եկեղեցի կառուցել:

Նա հաճախ էր ասում. «Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ»:

Վրեժը դպրոցն ավարտելով, 2019թ. հուլիսի 30-ին զորակոչվեց բանակ՝ Արցախ, Մատաղիս: Ծառայում էր պատվով, նվիրումով: 6 ամսից, իր գրագետ ու խելացի ծառայության համար, հրամանատարական կազմի կողմից, ուղարկվեց Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս՝ սերժանտական դասընթացների: 2 ամսյա դասընթացներն անցնելով գերազանց և ստանալով գովասանագիր՝ վերադարձավ, ստացավ կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվեց Թալիշ: Դիրքի ավագ էր: Նպատակ ուներ այդ կոչումով պոլիտեխնիկ համալսարան ընդունվել:

Արցախյան երրորդ պատերազմը երբ սկսվեց, նա մեկ տարի մեկ ամսվա ծառայող էր՝ 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատարն էր:

Վերջին անգամ մայրիկին զանգել է սեպտեմբերի 26-ի գիշերը, կարճ են խոսել: Իսկ 27-ին արդեն պատերազմ էր: Նա զանգել է եղբորը՝ 18-ամյա Արմանին՝ Արման ջան, պատերազմ է, ինչ էլ լինի՝ երեխեքին լավ կնայես:

Վրեժը մարտնչել է արիաբար, անվարան: Չէր սիրում նահանջել կամ ինչ-որ հարցում միջինը լինել: Ոչնչացրել է թշնամու 4 տանկ և 25 զինվոր: Ու այդ փաստից ոգևորված զինակից ընկերներին ասել է. «Տղե’րք, եկեք կռվե’նք, կստացվի, հաստա’տ կստացվի»:

Երբ փամփուշտները վերջացել են՝ նա գնացել է նոր փամփուշտ բերելու, սակայն հակառակորդի դիպուկահարի ձեռքն այդտեղ հասել է մեր քաջին և հավերժացրել նրան: նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրն ու եղբոր հետ խոսելուց կես ժամ անց ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին:

Քանի որ մարտն առավել, քան թեժ է եղել ու նրա դին իջեցնել անհնար է եղել, ընկերները այն մի կերպ խրամատ են հասցրել, ծածկել հողով, որ հետո գտնել կարողանան:

Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: