Հետաքրքիր դեպք, թե ինչպե՞ս Կոմիտասը կարողացավ չկատարել Խրիմյան Հայրիկի հանձնարարությունը․ այս պատմությունը կարդալ է պետք

1906 թվականին 86-ամյա Մկրտիչ Խրիմյանը այցելում է Գևորգյան ճեմարան։ Ճեմարանում տոնական հանդեսի էր հրավիրված կաթողիկոսը։ Նա, հանդիսասրահում նստած, ուշադիր լսում էր Կոմիտասի երգչախմբի երգերը, ուսուցիչների ու աշակերտների ճառերը, բայց անընդհատ նայում էր գմբեթաձև առաստաղից կախված մեծ ջահին:

Հեռանալիս նա իր մոտ է կանչում տեսուչին և հրամայում է, որ իջեցնեն ջահը:
-Պարո՛ն Կոստանյան, — ասում է նա, — քեզի կպատվիրեմ, որ վաղը վար առնել տաս այդ ահռելի ջահը, վտանգավոր է, մի օր կընկնի աշակերտների գլխին ու ուսուցիչներուդ հետ միատեղ ջարդուփշուր կանե. ի՞նչ պիտի ընես այն ժամանակ:

Կոստանյանն ուսերը թափահարում է և գրեթե չի պատասխանում: Մի քանի օր անց անհարամար զգալով, որ կաթողիկոսի հրամանը չի կատարվել, իջեցնել է տալիս ջահը։ Բայց այս ամենը աննպատակ էր, որովհետև ջահը երկաթե շղթայով շատ ամուր կապված էր իր տեղում և վայր ընկնելու ոչ մի երկյուղ չէր հարուցում:


Կոմիտասը գտնում է ելքը:
-Պարո՛ն Կոստանյան, — ասում է նա տեսուչին, — ջահն արդեն վար է առնված իբր, և կատարված է Վեհափառի հրամանը, այժմ թույլ տվեք՝ ես գնամ վեհարան և խնդրեմ իրավունք նորից կախելու, քանի որ «մթության մեջ ես չեմ կարող երեկոներն իմ խմբական փորձերը կատարել»:

Տեսուչը ժպտում է և գլխով հավանության նշան անում: Հաջորդն օրը ջահը նորից կախում են նույն տեղում ու մինչև օրս էլ այն նույնտեղում է։