Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում իմ սիրելի Հայաստանի հետ նշանավոր իրադարձություն է». միայն իմանաք՝ ինչ է գրել լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին

Էդուարդաս Մեժելայտիսը լիտվացի ականավոր բանաստեղծ է։ Նա լիտվերեն թարգմանել է Նարեկացու, Քուչակի, Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Պ. Սևակի ստեղծագործություններից, հայ մշակույթի և գրականության մասին գրել է մի շարք հոդվածներ։ «Մարդը» բանաստեղծությունների ժողովածուն, որի համար Մեժելայտիսը 1966 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի, հայերեն է թարգմանել Պ. Սևակը:

Մեժելայտիսը երեք անգամ (1969, 1979, 1982 թվականներին) տարբեր առիթներով այցելել է Հայաստան։ Նա այնքան է սիրել այս երկիրն ու ժողովրդին, որ իր զգացմունքները բնութագրել է այսպես.

Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում իմ սիրելի Հայաստանի հետ նշանավոր իրադարձություն է։ Հայաստանի հետ շփումը ինձ համար ավելին է, քան բարեկամությունը։ Դա իմ ուշացած սերն է, սակայն մի տարբերությամբ, այն ծնունդ էր առել դեռ վաղուց՝ իմ ծաղկող երիտասարդության տարիներից։ Այդ իսկ պատճառով էլ այն այդքան ուժեղ է՝ ինչպես առաջին սերը։ 

Մեժելայտիսը Հայաստանը համարել է իր երկրորդ հոգևոր հայրենիքը։ Ուսումնասիրելով Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները, խոստովանել է, որ եթե Հայաստանում ստեղծված լիներ միայն «Մատեան ողբերգութեան» երկը, այդ էլ բավական էր՝ ընդունելու հայ ժողովրդի վիթխարի ավանդը՝ համամարդկային մշակույթի մեջ։ Լիտվացի բանաստեղծը հայ ժողովրդին համարում էր հոգեհարազատ՝ իր ավանդույթներով ու ազգային մտածելակերպով։ Նա ընդհանուր շատ բաներ էր տեսնում հայ և լիտվացի ժողովուրդների բնավորության, պատմական ճակատագրի, լավատեսության մեջ։ Այդ է պատճառը, որ իր ստեղծագործության մեջ զգալի տեղ հատկացրեց Հայաստանին ու հայոց մեծերին։