Ի՞նչ է թաքցնում Խաչատուր Աբովյանի դիմանկարը

Խաչատուր Աբովյանի ողբերգական անհետացումից երեք ամիս անց` 1848թ. հուլիսի 4–ին, ընդունված նրա անձնական իրերի կարևոր մասը համապատասխան  արձանագրությամբ հանձնվում են նրա կնոջը՝ Էմիլիե Լօօզեին: Համապատասխան ցուցակի 16–րդ և 38-րդ կետերից պարզվում է, որ դրանց մեջ եղել է նաև գրողի դիմանկարը՝ <<Портрет Христафора Абовяна>>: Եվ Աբովյանի այդ միակ դիմանկարը կնոջ՝ Էմիլիեի մոտ մնացել է մինչև նրա մահը՝ 1870-ի մարտը:

Այսօր գիտենք, որ Աբովյանի առաջին և միակ դիմանկարը վրձնել են Դորպատում իր սովորելու տարիներին: Պրոֆեսոր Պարրոտի հետ Արարատի գագաթ բարձրացած լինելը նրան դարձրել էր համընդհանուր հետաքրքրության առարկա, ուստի շատերն էին ձգտում նրա հետ ծանոթություն հաստատել:

Այն տարիներին Ռուսաստանում և Եվրոպայում դեռ լուսանկարչություն չկար. մարդկանց պատկերները հանում էին ստվերանկարի ձևով, յուղանկարներով կամ էլ վիմագրության եղանակով: Ժամանակի  նկարիչներից առավել աչքի էր ընկնում Լյուդվիգ ֆոն Մայդելը: Դորպատում Աբովյանի ուսումնառության տարիներին նա վիմագրատուն ուներ: Հայտնի է նրա ինքնանկարը, որը ակնհայտ նմանություն ունի Աբովյանի դիմանկարի հետ:

19-րդ դարի էստոնական գեղարվեստի լավագույն գիտակներից մեկը՝ Տարտուի համալսարանի պրոֆեսոր Վագան, բաղդատելով Աբովյանի դիմանկարն ու Մայդելի ինքնանկարը, հաստատում է, որ Աբովյանի դիմանկարի անծանոթ հեղինակը Լյուդվիգ ֆոն Մայդելն է:

Այն փաստը, որ նկարում պատկերված անձնավորությունը Խաչատուր Աբովյանն է, հաստատել են շատերը, այդ թվում՝ նրա որդի Վարդան Աբովյանը: