Մի հանդիպման ժամանակ Վահագն Դավթյանին հարցրել են՝ որն է իր ամենալավ բանաստեղծությունը. գիտե՞ք՝ ինչ էր պատասխանել նա և ինչ է գրել այդ մասին Հ. Սահյանը

«Մի հանդիպման ժամանակ Վահագն Դավթյանին հարցրին՝ ո՞րն է Ձեր ամենալավ բանաստեղծությունը՝ Ձեր կարծիքով: Դավթյանը պատասխանեց՝ տակավին չի գրվել այդ բանաստեղծությունը, որ այդ բանաստեղծությունը պետք է լինի զարմանալի պարզ ու տաք մի երգ: Երգ, որն անբառ է իբրև թախծություն, իբրև հառաչ, որ անհուն է, անմեկնելի է ու անեզրական…
Եվ սա ասում է այն բանաստեղծը, որ հայ պոեզիային տվել է այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Թոնդրակեցիներ», «Բայց ծնվեցի», «Ասք սիրո և սրի», «Ռեքվիեմ» պոեմները, տաղերի շարքը և բազմաթիվ այլ բանաստեղծություններ…
Ի՞նչ է սա՝ պչրականությո՞ւն, թե՞ անվստահություն իր ստեղծածի նկատմամբ: Ոչ մեկը, ոչ մյուսը: Եվ ոչ էլ այն, որ իր պոեզիայի այդքան ներդաշնակ ու ամբողջական տաճարներից չի կարող առանձնացնել մի քար, մի քանդակ և ասել՝ սա է ամենից լավը… Շենքի ներդաշնակությունը խախտելու վախ նա չունի: Պարզապես ճշմարիտ արվեստագետի համար իր ամեն մի ձեռքբերումը, նվաճումը, հաղթանակը ոչ թե արտոնություն է բերում, այլ նոր պատասխանատվություն, մի նոր պարտք, և վճարած ամեն մի պարտքը դառնում է հրամայական նոր պարտքերի… Եվ այսպես շարունակ: Այսպես է: Բայց ես կուզենայի, իբրև Դավթյանի պոեզիայի հավատավոր ընթերցող, իրավունք վերապահել ինձ և ասել, որ Վահագնը ինձ համար արդեն գրել է այդ զարմանայի պարզ ու տաք երգը, երգ, որ անբառ է իբրև թախծություն և իբրև հառաչ»…