«Իր ծննդյան օրը Գրադով վերացրել էին թշնամու մի ամբողջ գունդ, ասեց․ «Տղերք, կուզեի՞ք ձեր ծնունդի օրն էլ սենց սայլուտ անենք». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Կարենին

Կարեն Սեյրանի Հարությունյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 8-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 1 դպրոցում, ապա՝ Քաջարանի արհեստագործական ուսումնարանում, ցանկանում էր ծրագրավորող դառնալ։

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականին՝ կիսատ թողնելով ուսումը: Ծառայել է Դիլիջանի զորամասում, եղել է գրադ կայանքի վարորդ:

Կարենը մասնակցել է նաև 2020 թվականի հուլիսի Տավուշյան մարտերին։ Նրա մասին Դիլիջանի զորամասի հրամանատար Սեդրակ Մարտիրոսյանը ասել է․ «Ամենաբարձր դրական կողմերով բնութագրվող անձ ու զինծառայող, մի բառով՝ Հերոս։ Ուրախ, կատակասեր, շուտ մերվող, խիզախ, նվիրված, հայրենասեր, չընկճվող, մեծ նվիրումով ծառայող։ Նրա կողմից արված բոլոր գործողություններն արդյունավետ ու հաջող էին․ զոհվեց մարտական խնդիր կատարելիս։ Ցավա, որ նման ազգանվեր մարդն էսօր մեր կողքին չի, հպարտություն ու պատիվ է նրան ճանաչելը, նրա հետ պատերազմի մասնակցելը՝ առավել ևս»։

44-օրյա պատերազմի սկսելուն պես Կարենը և նրա զինակից ընկերները մեկնում են ռազմաճակատ: Դեռ երկու ամիս առաջ էին թշնամուն դեմ առ դեմ հանդիպել Տավուշում, շտապեցին օգնության։

Ընկերների պատմելով, չնայած վարորդ լինելուն, նա մասնակցել էր Գրադի նշանառման հաշվարկներին: Հոկտեմբերի 8-ին՝ Կարենի ծննդյան օրը, վերացրել էին ադրբեջանական մի ամբողջ գունդ, այդ փաստից հրճվել էր․ «Տղերք, կուզեի՞ք ձեր ծնունդի օրն էլ սենց սայլուտ անենք․․․»։ Ավաղ, օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, զոհվում է բայրաքթարի հարվածից:

Կարեն Սեյրանի Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…