Ատամնաբույժ Նիկողոսի պատմությունն ու հետաքրքիր հավաքածուն, որը պահվում է նկուղում

67-ամյա ատամնաբույժ Նիկողոս Այվազյանի՝ Աշտարակ քաղաքում գտնվող տանն ու նկուղում մեկ դարից ավելի պատմություն է խտացված։ Այստեղ խնամքով պահված են նրա նախնիների նկարները՝ Մեծ եղեռնից առաջ և Եղեռնից հետո, որբանոցում։ Նկուղում էլ տասնյակ կարի մեքենաների շարքերում կա Հրաչյա Ղափլանյանի կարի մեքենան, Վիկտոր Համբարձումյանի նվիրած ձայնագրիչը, Հովհաննես Թումանյանի 100-ամյակին նվիրված ծխախոտի տուփն ու այլ հայտնի իրեր։

 «Երբեք չեմ ծխել, բոլոր ծխախոտի տուփերը (300-ից ավելի) լիքն են», — ժպտում է՝ վստահեցնելով, որ իր հավաքածուն երբեք չի վաճառի։ Նկուղի «տեր ու տնօրեններն են» 120 կարի մեքենաները։

«Մամաս մինչև ամուսնանալը դերձակ է եղել, էս մեքենայով է աշխատել։ Հետո ես եմ մեկ-մեկ կարել դրանով, բայց մեքենան մի ձև էր կարում՝ մենակ առաջ ու հետ։ Գնացի մի ուրիշ մեքենա առա, որ կողքերով էլ կարի։ Ու էդպես սկսվեց կարի մեքենաներ հավաքելս»։

Նկուղը ատամնաբույժը կարի մեքենաների թանգարան է անվանում։ Այվազյանը դժվարանում է իր հավաքածուից առանձնացնել ամենասիրելին. ամեն կարի մեքենայի հետ մի պատմություն կա։

Նկուղի պատմական իրերից մեկն էլ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ձայնագրիչն է։ 1986-ին նա Այվազյանի մոտ էր գալիս ատամները սարքելու։ Ատամնաբույժը աստղագետից գումար չէր վերցնում, նա էլ որպես շնորհակալություն մեկ գեղանկար էր բերում նվեր, մեկ անգամ էլ՝ այդ ձայնագրիչը։

Նիկողոսը հավաքածու ունենալու սերը ժառանգել է մեծ պապից, որն Արևմտյան Հայաստանում հնամենի իրերի խանութպան էր։ Իսկ ատամնաբուժությունը սովորել է հորից։