Տեղի բնակչությունը այս ամրոցը անվանում է «պլյուր պատ» կամ «պիլոր պատ». պարզենք՝ որտեղ է այն գտնվում

Խոսքը Նորաշենի կիկլոպյան ամրոցի մասին է, որին տեղի բնակչությունը «պլյուր պատ» կամ «պիլոր պատ» է անվանում:

Կիկլոպյան ամրոց-դամբարանաբլուրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նորաշեն գյուղի հարավարևմտյան կողմում:

Համաձայն ամրոցի բլրի վրա տեղադրված տախտակի, այն կառուցվել է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակում։ ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական ջոկատը պատմական գիտությունների թեկնածու Ս. Ա. Եսայանի ղեկավարությամբ ուսումնասիրել է Հայկական ԽՍՀ հյուսիսարևելյան շրջանների հնագիտական հուշարձանները։

Ամրոցը տեղավորված է ժայռոտ բլրի վրա, ամրացված երկշարք պարիսպներով, որոնք կրկնում են բլրի ընդհանուր ձևերը։ Պարսպապատը, որն ունի մինչև 3 մ հաստություն, շարված է մեծածավալ քարերից։ Բնակավայրի գրաված տարածությունը մոտավորապես 1, 5 հեկտար է և այժմ ծածկված է խիտ անտառով և ճիմահողով, որը դժվարացնում է ամրոցի ուսումնասիրությունը։

Նշված տարածությունից հնարավոր է եղել պեղել 500 քառակուսի մետր, չորս հետախուզահորերի (շուրֆերի) ձևով։ Երեք հետախուզահորերում բացվել են պատերի շարվածքներ։ Առաջին հետախուզահորում բացվել են երկու զուգահեռ պատեր, իրարից 5 մետր հեռավորությամբ, 1, 2 — 1, 4 մ լայնքով, 1, 5 — 2, 5 մ երկարությամբ, տեղ-տեղ 0, 4 — 0, 7 մ բարձրությամբ։ Սակայն այս տվյալները հնարավորություն չեն տալիս որոշելու շինության ինչ լինելը։

Մյուս հետախուզահորերում բացված շարվածքները ավելի վատ են պահպանված։ Նյութական մշակույթի շերտը (0, 7 մ հաստությամբ) ընկած է այս պատերին կից, անմիջապես ժայռի վրա։ Չնայած այս ոչ մեծ խորությանը, շերտը հարուստ է խեցեղենով, մետաղյա զենքերով ու գործիքներով, զարդերով, քարե և ոսկրե իրերով: