Փոքրիկ Ֆրունզի պատմությունը․ նա 11 տարեկան է, բայց արդեն խաղում է թատրոնում, այն էլ գլխավոր դերեր

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր փոքր Ֆրունզն ունի: 11 տարեկան տղան իր հասակակից ընկերների պես շատ է սիրում ֆուտբոլ կամ պահմտոցի խաղալ բակում, բայց ժամանակը թույլ չի տալիս սրտի ուզածի չափ անել ամեն ինչ. ի տարբերություն մյուսների, Գևորիկի համար բակային խաղերից բացի, ավելի սիրելի զբաղմունք կա՝ թատրոնը:

Ամեն ինչ սկսվեց «Օթելլոյից»: Գևորիկը 6 տարեկան էր, մի օր ներկայացման գնաց մոր հետ, հետո տանն ինքնուրույն դեկորներ պատրաստեց, համապատասխան հագուստ ընտրեց ու սկսեց «խաղալ», մայրն էլ թաքուն նկարահանեց ու նկարածը ցույց տվեց թատրոնում:

Արձագանքը չուշացավ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը իր մոտ կանչեց տղային և ասաց, որ Գևորիկին է վստահված Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» դրամայի գլխավոր դերերից մեկը՝ տղայի դերը:

Գևորիկը հատուկ վերաբերմունք ունի հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի նկատմամբ. նրա ծննդյան օրերին ծաղիկներով է գնում սիրած դերասանի տուն-թանգարան, իսկ այս տարի նույնիսկ կիթառով երաժշտություն է «նվիրել» Ֆրունզին:

Փոքրիկ Ֆրունզի արվեստը սիրողներ նույնպես արդեն կան, ունի երկրպագուների թեև փոքր, բայց հաստատուն խումբ, որի անդամների թիվն ամեն ներկայացումից հետո ավելանում է:

Գևորիկին ճանաչողները վստահեցնում են՝ հասակակիցներից տարբերվում է իր լրջությամբ ու նպատակասլացությամբ, երբեք չի դժգոհում ու անում է այն, ինչ իրենից պահանջվում է: «Դեռ շատ երազանքեր չունեմ, պարզապես թատրոնն եմ սիրում ու ուզում եմ դերասան դառնալ»,- նշում է Գևորիկը:

: