Հրանտ Մաթևոսյանն ասում էր` Համո Ոսկեբերան Սահյանը.
«…Սահյանը եղել է, Սահյան է եղել։ 1914-ի ծնունդ, իր ժողովրդի զավակ, եղեռնի ու գաղթերի, համայնավարացման ու հավատաքննության ու պատերազմների վկա՝ ինքը իր և մեր սոսկ գոյությունն իսկ հաղթանակ ու հրճվանք էր համարում։
Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ, և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ։ Եվ որովհետև հաճախ թափոր ենք առանց դրոշի և ավելի հաճախ առաջնորդվում ենք ուրիշների սրբապատկերներով, Սահյանի գործը էականորեն կարևոր է»: