Ընտանիքին Շուշիից մեքենայով Հայաստան է բերել 15-ամյա Հայկը․ նրանք իրենց տունն են ուզում, որից երևում էր և՛ Ղազանչեցոցը, և՛ Կանաչ ժամը

Սիմոնյանների ընտանիքին Շուշիից մեքենայով հանել է նրանց 15-ամյա որդին` Հայկը։ Նրանք նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ Շուշին թշնամուն է մնալու։ Դրա համար տնից ոչինչ չեն վերցրել։

Սիմոնյանների ընտանիքը ապրում էր Շուշիում։ Նրանց տան մի պատուհանից երևում էր Ղազանչեցոցը, իսկ մյուսից` Կանաչ ժամը. ամեն առավոտ ընտանիքն արթնանում էր երկու եկեղեցիների զանգերի ներքո։ Տանտիրուհին ասում է, որ միշտ մտածել են, որ Աստված իրենց պահելու է, քանի որ եկեղեցիների արանքում են ապրում։

Ընտանիքի հայրը՝Վրեժ Սիմոնյանը, զինվորական էր։ Ընտանիքում սովորություն կար կիրակի օրերին, երբ տան տղամարդը տանն էր, հավաքվել ամառանոցում և օրն անցկացնել միասին։ Պատերազմը սկսվելու օրը կիրակի էր վաղ էին արթնացել, պատրաստվում էին ամառանոց գնալ։

Տանտիրուհին պատմում է, որ անգամ տան փաստաթղթերը չի վերցրել իր հետ։ Նրանց համար լուրջ հարված էր Ղազանչեցոցի ռմբակոծումը։

«Երբեք չենք մտածել, որ պատերազմ չի լինի, բայց հույս ունեինք, որ լավ է լինելու, ոչ թե այսքան սարսափելի։ Շուշին կորցնելու մասին ընդհանրապես չենք մտածել»,–ասում է տանտիկինը։ Նարինեն թեև հույս չունի, որ կվերադառնան, սակայն նշում` եթե Շուշիից մեկ քար էլ թողնի թշնամին, իրենք անպայման կշենացնեն հարազատ քաղաքը։