Փարաջանովի Թբիլիսյան տունը․ նրա հոգին դեռ ապրում է այնտեղ

Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիի Կոտե Մեսխի փողոցում։ Այնտեղ նա ապրել է և իր գլուխգործոցները ստեղծել։ Փարաջանովը ոչ մի օր չի ապրել երևանյան տանը, նա ծնվել և ամբողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում և մինչև կյանքի վերջը հավատարիմ  մնացել այդ քաղաքին։ Ուստի տրամաբանական կլիներ, եթե թանգարանը նրա տանը բացեին։ Բայց չի ստացվել։ Այժմ այդ տանը հյուրանոց է գործում։ Այն, ի դեպ, կոչվում է «Փարաջանով»։

Ներկայիս տանտերերը տունը, որտեղ ծնվել և ապրել է Փարաջանովը, գնել են 1995թ–ին նրա որդի Սուրենից։ Սենյակի պատերին շատ նկարներ կան` թաղիքից պատրաստված։ Դրանք հիմնականում Փարաջանովի դիմանկարներն են կամ կերպարներ նրա ֆիլմերից։ Փարաջանովն արդեն 28 տարի չկա, բայց նրա ոգին թևածում է, դրդում ստեղծագործել, նրա շունչն իր տանն է։

Բարի մոտ պատերը շրջապատված են ռեժիսորի լուսանկարներով։ Այստեղ է նաև ընտանեկան մասունքը` օրորոցը, որը նոր տերերին մնացել է Փարաջանովից։ Խախուտ, հին օրորոցը ռեժիսորն օգտագործել է իր ֆիլմերից մեկում։ Տանտերերը պնդում են, որ հենց այս օրորոցի մեջ է մեծացել մաեստրոն։ Այն գտել են ձեղնահարկում, երբ որոշել են վերանորոգել և կառուցել երկրորդ հարկը։

Երկու տարի առաջ ուկրաինացի լրագրողը այս օրորոցի համար պատրաստ էր կլորիկ գումար վճարել, բայց ամուսինները հրաժարվել են վաճառել։ Նա հաճախ էր ճամփորդում։ Տարբեր իրեր էր բերում։ Փարաջանովի Հյուրանոցի յուրաքանչյուր համարից նայելիս քաղաքն ասես ափիդ մեջ լինի։

Ռեժիսորի տան դռները երբեք չեն փակվել։ Ով ասես եղել է այնտեղ։ Ե՛վ Անդրեյ Տարկովսկին, և՛ իտալացի սցենարիստ ու ռեժիսոր Տոնինո Գուերան, և՛ Մարչելո Մաստրոյանին, այստեղ հարսանիք են արել Վլադիմիր Վիսոցկին ու Մարինա Վլադին։ Հիմա էլ նրանց մոտ ամեն օր բաց դռների օր է։