«Տո´, փչացածնե՛ր, բնությունը ինձ ուժ է տվել»․ այս պատմությունում ևս Չարենցը ցույց է տալիս իր բռնկուն բնավորությունը․ ահա թե ո՞վ էր բարկացրել գրողին

Եղիշե Չարենցի մասին պատմությունները բազմաթիվ են, բայց այդ բոլոր պատմություններում մի բան կա, որ անփոփոխ է։ Դա Չարենցի բռնկուն բնավորությունն է։ Այս պատմությունը վերհիշել է Գուրգեն Մահարին․

«Մռայլ էր. ինչպես նրա տխրությունը, այնպես էլ ուրախությունը վարակիչ էր։ Երբ մի քիչ զվարթացավ, վերջապես հարցրեց.

-Տեսնես մեզնից ո՞վ շուտ կմեռնի, հը՞մ…

-Այդ մասի՞ն էիր մտածում,- զարմացավ Ակսելը, — Իմ պապը 98 տարի է ապրել, իսկ հայրս մինչև հիմա ատամներով է ընկույզը ջարդում:

Ակնհայտ չարությամբ Չարենցը հարցրեց.
-Ուզում ես ասել, որ դու հարիր տարի՞ պիտի ապրես…

Ժպտաց իր խորամանկ ժպիտով, հետո մերկացրեց աջ ձեռքը մինչև արմունկը, մերկ արմունկով մի քանի անգամ խփեց սեղանին՝ ապացուցելու համար ուժը, բացականչեց.

֊Տո´, փչացածնե՛ր, բնությունը ինձ ուժ է տվել, ո՛ւժ, ես հազար տարի պիտի ապրեմ…