Մեծանուն հայ, ով իր տեսակով ու դերով բացառիկ էր․ բալետի տաղանդավոր արտիստը նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում

ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը յուրահատուկ էր իր տեսկով ու տաղանդով։ Նրա դերն ու ազդեցությունը, նվիրումն ու վաստակը անուրանալի են հայկական թատրոնում:

Վիլեն Գալստյանը բեմում էր մոտ 65 տարի: Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հետո իր փայլուն տաղանդն է ցույց տվել Երևանի թատրոնում:

Վիլեն Գալստյանը ելույթ է ունեցել նաև Մոսկվայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Ավելին՝ նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն:

Ժամանակին դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում: Երևանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ 5 տարի եղել է Երևանի օպերային թատրոնի բալետմայստերը: 2014 թ.-ից դարձյալ հրավիրվել է Օպերային թատրոն՝ իբրև գլխավոր բալետմայստեր:

Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակը, Ալբերտը՝ «Ժիզելում», Արմենը՝ «Գայանեում», Կոմիտասը՝ «Անտունիում», Դավիթը՝ «Սասունցի Դավիթում», Ռոմեոն՝ «Ռոմեո և Ջուլիետում», հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են: Բայց «Գայանեի» մասին նա առանձին սիրով է խոսում՝ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը: