«Մանթաշևը փողերի մեջ չկորցրեց գլուխը, գործի տրամվայով կամ ոտքով էր գնում». գիտե՞ք՝ ինչու ՀԱՅ մեծ ԲԱՐԵՐԱՐԸ հենց Փարիզում որոշեց եկեղեցի կառուցել

Ալեքսանդր Մանթաշյանց անունով հասարակ միլիոնատիրոջ մասին կարելի է հատորներով գրել, թեև նրա մասին արդեն անհամար հուշեր, գրքեր են գրվե, բայց այս մարդու կյանքը, միևնույն է, շարունակում է ապշեցնել։

Մանթաշևի բիզնեսը ծաղկում էր, սակայն հաջողությունից նա գլուխը չկորցրեց։ Շարունակում էր աշխատանքի գնալ տրամվայով կամ ոտքով, աղքատ ընտանիքների երեխաներին հինգ կոպեկանոցներ էր բաժանում և ներդրում կատարում քաղաքի ճարտարապետության մեջ։

Մանթաշյանցի կենսագիրներից շատերը նրա ամենամեծ բարեգործությունը համարում են Փարիզի սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցու շինարարությունը։ Նա ավելի քան կես միլիոն ֆրանկ է հատկացրել տաճարի շինարարության համար։ Խելահեղ փողեր։ Իսկ երբ նրան հարցրել են, թե ինչու է հայկական եկեղեցի կառուցել հենց Փարիզում, պատասխանել է. «Փարիզն այն քաղաքն է, որտեղ ես ամենից շատ եմ մեղք գործել»։

Թբիլիսիում Հայոց վանքը նույնպես վերականգնվել է Մանթաշյանցի շնորհիվ։ Այդ տաճարում 1911թ-ին նրան հողին են հանձնել կնոջ կողքին. հենց Թբիլիսիի Հայոց վանքում, այլ ոչ թե Սպահանի, որտեղ նույն անվանումով եկեղեցի կա, և մի ժամանակ սխալ տեղեկություն է տարածված եղել միլիոնատիրոջ գերեզմանի մասին։

Նրանց գերեզմանները չեն պահպանվել։ 1938թ-ին Բերիան կարգադրել է քանդել վանքը, որի համար քաղաքացիների «ինքնակամ» ստորագրություններ են հավաքվել։ Թբիլիսիում պատմում են, որ վանքի քահանան հրաժարվել է ստորագրել քանդելու մասին կարգադրությունը՝ ասելով, որ ոչ ինքն է կառուցել, ոչ էլ ինքը կքանդի։

Հայտնի չէ, թե ինչ է եղել քահանայի հետ։ Բայց դժվար չէ գլխի ընկնել։