«Իհարկե, ծանր է, բարդ է, բժիշկն էլ է մարդ, էմոցիաներդ հաճախ խեղդում են»․ բժիշկ Սահակ Գևորգյանի պատմությունը

Սահակ Գևորգյանն այն մարդկանցից էր, ով կանգնեց վիրավոր զինվորների կողքին պատերազմի հենց առաջին օրվանից։ 2016-ի քառօրյա պատերազմի առաջին օրվանից բժիշկ Գևորգյանն Արցախում էր, այն խմբի կազմում, որը Արցախից տարհանում էր ծանր վիրավորներին։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան աչքերը բացեց պատերազմի լուրով։ Թեպետ շաբաթներ առաջ էր զորացրվել բանակից, բայց նախկին ռազմական բժիշկ չի լինում։ Նա իր հոգով ու էությամբ է բժիշկ։

 «Մեկնելիս չէի մտածում հետ չգալու մասին… Աղջիկներիս էլ հրաժեշտ տալու ժամանակ խոստացա. «Պապան հետ կգա»։ Իսկ իմ աղջիկները գիտեն, որ ես միշտ խոսքիս տերն եմ։ Մեր թշնամին բարոյական բոլոր նորմերն անցել է. կրակում է շտապօգնության մեքենայի վրա, հիվանդանոցի, ծննդատան ուղղությամբ հրթիռներ արձակում։ Ինքս Կարմիր Շուկայից վիրավորի էի տարհանում, գլխիս վերևում ԱԹՍ-ն էր պտտվում։ Աստծո օգնությամբ ամեն անգամ տեղ էինք հասնում»,- պատմում է բժիշկը։

Վիրահատությունները Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի նկուղում էին անում։ «Իհարկե, ծանր է, բարդ է, բժիշկն էլ է մարդ, էմոցիաներդ հաճախ խեղդում են, կոկորդդ սեղմվում է. 18-19 տարեկան երեխաներ… Աչքեր կան, մինչև այսօր հիշում եմ… Չկարողացանք փրկել, չստացվեց… Իսկ ինքը մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ…»։