ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐ ՄԱԿԻՉ. 15 տարեկանից որպես կամավոր մասնակցեց Արցախյան մարտերին և զոհվեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

Արմեն Կառլենի Գասպարյանը ծնվել է 1974 թ.-ի փետրվարի 3-ին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում: 4 եղբայր էին, ինքը երկրորդն էր: Դեռ փոքրուց էր նրա մեջ խոսում հայրենասիրությունը, քանզի միշտ զենքի հետ գործ ունենալ ու կրակել էր սիրում: Նաև սիրում էր ֆուտբոլ խաղալ, փոքր տարիքում երազել է ֆուտբոլիստ դառնալ:

Հաճախել է իրենց գյուղի դպրոցը, ուսուցիչները շատ էին սիրում նրան: 1989 թ.-ին ստանալով ութնամյա կրթությունը՝ ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկում: Սակայն ծայր էր առել արցախյան ազատամարտը և մեր հերոսը 15 տարեկանից, որպես կամավոր, անդամագրվել է Համլետ Քոչարյանի ջոկատին և կռվել Մարտակերտում:

1990 թ.-ից Կապանի երկրապահ ջոկատի անդամ էր։ 1991 թ.-ին Կապանի «Մեծն Գարեգին Նժդեհ» ջոկատի հետ մարտնչել է Կապանի, Գորիսի, ապա Արցախի սահմանամերձ շրջաններում: Նույն թվականին ջոկատով մեկնել են Արցախ և մինչև 1992 թ.-ի մարտ ամիսը մասնակցել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Կիչան գյուղերի ազատագրման մարտերին:

Armen Gasparyan MAKICH / Արմեն Գասպարյան ՄԱԿԻՉ - YouTube

Այդ տարիքից մեծացել է արկերի, ականների և փամփուշտների պայթյունների ու կրակոցների տակ, թրծվել է պատերազմական բովում՝ հասկանալով ինչ է պատերազմը, մարդկային կորոստը, հայրենասիրությունն ու հանուն հայրոնիքի անսասան լինելը:

1992 թ.-ի գարնանամուտին՝ մարտի 15-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ ստացել է բեկորային վնասվածք և վերադարձել Կապան: Սակայն հերոսը տանը երկար նստել չէր կարող, քիչ թե շատ ապաքինվելուց հետո երկրապահ կամավորական ջոկատի հետ մասնակցել է Կապանի սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև Զանգելանի (Կովսական), Ղուբաթլուի (Որոտան) և Լաչինի (Բերձոր) ազատագրական մարտերին:

Երբ հասել է պարտադիր ժամկետային զինծառայության տարիքը՝ նա արդեն պատրաստի զինվոր է եղել բանակի համար: Նա բանակ զորակոչվել է 1993 թ.-ին, զորակոչվել է Կապանի N զորամաս՝ հակաօդային պաշտպանությունում, որտեղ էլ, հենց նրանց հետ, մասնակցել է մղվող մարտի հարավարևելյան ուղղության հակաօդային պաշտպանությանը: Արմենը զորացրվել է 1994 թ.-ին:

Նույն 1994 թ.-ին ամուսնացել է Մերիի հետ և իրենց համատեղ կյանքում ունեցել են 2 զավակ՝ տղա, աղջիկ:

1999-2008 թթ. պայմանագրային ծառայության է անցել Կապանի N զորամասում որպես որպես «Ս-60» զենիթահրթիռային մարտկոցի ավագ, ապա զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2002 թ. ստացել է ենթասպայի կոչում: 2007 թ․-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում:

2008-2012 թթ. եղել է Կապան քաղաքի ավագանու անդամ:
2010-2016 թթ. աշխատել է ««Զանգեզուր» «Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում:

2016 թ.-ի ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսվեցին՝ Մակիչ մականունով հերոսը շտապեց օգնել հայ զինվորին: Ապրիլի 3-ին Կապանի Երկրապահ կամավորականների ջոկատի հետ, որպես կամավոր, մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ: Մարտնչել է արիաբար, ցուցաբերելով քաջություն, վախ հասկացությունը նրա համար չէր: Սակայն ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, զոհվել է շփման գծի հյուսիսարևելյան՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում՝ հակառակորդի ականանետային կրակից:

Մեր քաջը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Վազգեն Սարգսյան» և Արցախի «Արիության համար» մեդալներով, ապա ՊՆ N զորամասի ցուցակներում գրանցվել է որպես հավերժ զինվոր: