ՀԱՅ ՖԻԴԱՅԻ, ով աթոռով քիչ էր մնում սպաներ դավաճան Վասակ Սյունուն. գիտեի՞ք այս պատմությունը

Իսոյի Կորյունը (Գոմսա Իսո) «Հրայրյան դպրոցի» ամենաջերմեռանդ ներկայացուցիչն էր։ Այս ֆիդայու շուրջ բազմաթիվ պատմություններ են պտտվում նրա մի շարք վրիժառությունների, մեծաթիվ կռիվների, նրա հայրենասիրության և անկոտրում ոգու մասին: Պատմություն կա, որ երբ Իսոյի Կորյունին թուրքերը ձերբակալում ու նետում են բանտ, նա պատը ծակում և դուրս է գալիս բանտից։ Եղել է Գևորգ Չաուշի, Սպաղանաց Մակարի, Անդրանիկի, Մախլուտոյի, Սեպուհի, Կոտոյի Հաջիի, Սեյտոյի Պողոսի և շատ այլ նշանավոր հայդուկների զինակիցը:

Կորյունի կյանքից մեկ այլ պատմություն, որը տեղի է ունեցել 1906 թվականին Կովկասում, ֆիդային ինքն է պատմել Ռուբեն Տեր-Մինասյանին, ով հետագայում գրի է առել։

Զավեշտալի պատմություն, որը լավագույնս է արտահայտում ֆիդայու հայրենասիրական ոգին.

«Հեռագիր եկավ, կանչեցին Թիֆլիս։ Բյուրոն կկասկածեր, թե նոր կռիվներ կարող են լինել թուրքերի հետ, բայց բան դուրս չեկավ։ Թե որ լիներ, մի լավ պիտի ծեծեինք։

Լավ թատրոններ կան. մի օր ինձ տարան Վարդան Մամիկոնյանի ներկայացման։ Մի դերասան այնքան լավ կխաղար Վասակի դերը, որ ես գլխիցս ելա, կարծեցի, թե իրականություն է։ Երրորդ հարկն էի նստած, աթոռս քաշեցի և նետեցի բեմ, քիչ մնաց մարդ սպանեի դատարկ տեղը։ Ես գժված էի, խելքս գլուխս եկավ, բայց արդեն ուշ էր։ Ինձ ձերբակալեցին, կարծեցին հարբած էի, կամ դիտմամբ ըրած։
Ասացին ինծի՝ Թիֆլիսը քո տեղը չէ, ուղարկեցին Երևան…»: